Բաժիններ՝

ԱՄՆ-ը ծովային հետևակայիններ է ուղարկել Կիև՝ իր դեսպանատան պահպանումն ուժեղացնելու համար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի ծովային հետևակայիններն ուղարկվել են Կիև՝ ԱՄՆ-ի դեսպանատան պահպանումն ուժեղացնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին: Նա չի մանրամասնել, թե կոնկրետ որքան ծովային հետևակային է ուղարկվել Ուկրաինայի մայրաքաղաք:

Փոխարենը Պսակին ընդգծել է, որ Պետդեպարտամենտի համար առաջնահերթ է համարվում ամերիկացի ծառայողների անվտանգության ապահովումը համայն աշխարհում: Ամերիկացի ծովային հետևակայիններն ավանդաբար պահպանում են ամերիկյան դեսպանատները տարբեր երկրներում, այդ թվում նաև Ուկրաինայում:

Marine Corps Times-ի տվյալներով՝ հավելյալ ծովային հետևակայինները Կիև են ուղարկվել Կուանտիկոյից (Վիրջինիա նահանգ): Պսակին հավելել է, որ երեկ Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը՝ խորհրդակցություններ անցկացնելու ու իրավիճակը գնահատելու համար: Բերնսն արդեն իսկ անցկացրել է մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև հանդիպել է նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս