Մարտի 1-ին սպասվում է մեծ հավաք (տեսանյութեր)
Այսօր ազատամարտիկները հայտարարեցին իրենց հաջորդ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու մարտի 1-ին, ժամը 13:00-ին, Սարյանի պուրակում: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հավաստմամբ՝ այս հանրահավաքը մյուսներից տարբերվելու է նրանով, որ վերջինիս ժամանակ ներկա են գտնվելու բոլոր այն ազատամարտիկները, ովքեր նախկինում ներկա չեն գտնվել հանրահավաքներին: Իսկ ազատամարտիկ, պահեստազորի փոխգընդապետ Խաչիկ Ավետիսյանը հավելեց, որ չեն հավաքվում հեղափոխություն անելու, քանի որ հեղափոխություն տեղի է ունենում այն երկրում, որտեղ կա ընտրված իշխանություն, իսկ Հայաստանում այդպես չէ: Նրա հավաստմամբ՝ մարտի 1-կի հավաքը ուղղված է սահմանադրական կարգի վերականգմանը:
Հանդիպմանը ներկա էր նաև կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, որը խոսեց որպես և´ մայր, և´ ազատամրտիկ:
Ազատամարտիկները նաև հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես ասված է.
«Հայրենակիցնե´ր, Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է, քանզի պետության ղեկը հայտնվել է գողերի և ավազակների ձեռքերում: Յուրաքանչյուր իշխանություն իր նախորդից ավելի ագահ է, կեղեքող ու թալանչի: Հայաստանի ողջ ունեցվածքը գրեթե իսպառ օտարվել է: Հայ ժողովուրդն իր հայրենիքում զրկված է արժանապատիվ ածխատանքով իր երեխաներին պահելու հնարավորությունից, ինչի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցները ընտանիքներով հեռացել են երկրից, դատարկվել են սահմանամերձ գյուղերը:
Ապօրինի իշխանությունների ջանքերով երկրում բարոյազրկվում է ամեն ինչ՝ եկեղեցիները եվրովերանորոգման են ենթարկվում, դպրոցական ծրագրերը օրեցօր ավելի օտարացվում, խեղաթյուրվում է ամենը, ինչ հայկական է ու ավանդական, իսկ պտերազմի և հաղթանակի տարիները ներկայացվում են՝ որպես մթի ու խավարի տարիներ: Հայաստանի իշխանագողերի ձեռամբ պղծվում է ամեն ինչ. վերջին ցայտուն օրինակը Երկրապահ կամավորականների միության օտարումն էր հայ ժողովրդից՝ տխրահռչակ Սերժ Սարգսյանի ձեռամբ, երբ վերջինս բաժանարար գիծ գծեց իշխանության և հայ ժողովրդի միջև: ԵԿՄ համագումարում այլևս իրենց պատվավոր տեղերն են զբաղեցնում Արցախյան հերոսամարտի հետ կապ չունեցող մարդիկ: Այդ օրը երկրի իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց հայ ժողովրդին:
Մենք՝ Արցախյան ազատամարտի մասնակիցներս, հայտարարում ենք ազատամարտիկների հանրահավաքի անհրաժեշտության մասին և կոչ ենք անում մեր բոլոր մարտական ընկերներին Մարտի 1-ին, ժամը 13:00-ին հավաքվել Սարյանի պուրակում, որպեսզի միասին՝ մեր հայրենիքի անկախության համար պայքարած տղերքով, որոշքնք մեր անելիքը՝ մեր երկրի ապագայի հետ կապված: Քանի որ Մարտի 1-ը մեր ժողովրդի ողբերգական այն օրերից է, երբ իշխանությունների ձեռամբ զոհվեցին տասը անմեղ քաղաքացիներ և բռնազավթվեց Հայաստանի իշխանությունը, մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել այդ օրը Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին:
Կոչ ենք անում նաև մինչ այս իշխանության հանցավոր գործունեությունը քննադատող տարբեր ուժերին՝ կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին՝ վերջապես խոսքից գործի անցնել, ցուցադրել համաժողովրդական միասնություն և դուրս գալ հրապարակ»: