Չինացի սահմանապահներն առաջին անգամ ջրաշիթեր են կիրառել ֆիլիպինցի ձկնորսների դեմ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինացի սահմանապահներն առաջին անգամ կիրառել են ջրաշիթեր, որպեսզի ֆիլիպինցի ձկնորսներին հետ մղեն այն ջրերից, որոնց Պեկինը համարում է իրենը: Այս մասին հայտնել է ֆիլիպինյան կողմը:
Միջադեպը գրանցվել է Հարավ-չինական ծովում՝ Սկարբորո խութի շրջանում: Հայտնի չէ, թե արդյոք դրա հետևանքով տուժե՞լ են ձկնորսները, թե՞ ոչ: Ֆիլիպինցի զինվորականների խոսքերով՝ չինական նավերը շարունակում են մնալ տվյալ շրջանում:
Նշվում է, որ ավելի վաղ տվյալ շրջանում նույնպես կոնֆլիկտներ են գրանցվել չինացի զինվորականների ու ֆիլիպինցի ձկնորսների միջև: Սակայն նախկինում չինացի սահմանապահները երբեք ջրաշիթեր չեն կիրառել նրանց նկատմամբ: Սկարբորո խութը գտնվում է ֆիլիպինյան խոշորագույն Լուսոն կղզուց 220 կիլոմետր հեռավորության վրա:
Մանիլան կարծում է, որ տվյալ տարածքը գտնվում է իր տնտեսական գոտում, իսկ Պեկինն իր իրավունքները խութի վրա հաստատում է պատմական փաստաթղթերով: Սկարբորոյից դեպի չինական մերձակա տարածք՝ Հայնան կղզի, հեռավորությունը կազմում է 650 կիլոմետր: Չինաստանը հավակնում է ձկնային պաշարներով հարուստ Հարավ-չինական ծովի 90 տոկոսին:
Այդ ծովի մի ամբողջ շրջաններ իրենցն են համարում Ֆիլիպինները, Բրունեյը, Մալայզիան, Թայվանն ու Վիետնամը: Մասնավորապես, 6 երկրները հավակնում են Սպրատլի կղզիախմբին, որը ենթադրաբար հարուստ է նավթի ու գազի պաշարներով: