Էդուարդ Շարմազանով. Բայց դուք ինչո՞ւ եք կենտրոնանում Հրայր Թովմասյանի վրա

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում բոլորին խոսել խորհրդարանական բառապաշարով: 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը արժանի՞ էր «չաթլախ» գնահատականին, Էդ. Շարմազանովը պատասխանեց. «Ես իմ կարծիքը հայտնեցի նիստի ժամանակ, երբ Արմեն Ռուստամյանին հորդորեցի խոսել խորհրդարանական բառապաշարով»:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը «ղալաթ են անում», որ կառավարությանն անվստահություն են հայտնում:

Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ Հրայր Թովմասյանն էլ համապատասխան բառապաշարով չի խոսել, ուստի արժանացել է նման հակադարձման, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես չեմ առանձնացնում, բոլորս պիտի խոսենք խորհրդարանական բառապաշարով»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ոչ խորհրդարանական բառապաշարի կիրառման համար Հրայր Թովմասյանը նկատողության կարժանանա՞: Սակայն Էդ. Շարմազանովը զարմացավ հարցից՝ ասելով. «Բայց դուք ինչո՞ւ եք կենտրոնանում Հրայր Թովմասյանի վրա: Մենք ասում ենք, հանգարժան գործընկեր՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն է, պետք է խոսել պառլամենտական, ընդունված բառապաշարով: Եթե որևէ մի գործընկեր՝ անկախ նրանից, անցե՞լ է սահմանը, թե՞ ոչ, սխա՞լ հայտարարություն է արել, թե՞ ոչ, ոչ կոռեկտ հայտարարություն է արել… ոչ կոռեկտ հայտարարությանը ոչ կոռեկտ ձևով չեն պատասխանում, բարեկրթությունն է, որ գեղեցկացնում է բոլորիս»:

Կարդացեք նաև

Նա նշեց, թե  Հ. Թովմասյանը բավական բարեկիրթ, նորմալ անձնավորություն է, ինչպես և Ա. Ռուստամյանը, պարզապես պահի ազդեցության տակ, զգացմունքային ֆոնին, նման հայտարարություն է արել: «Եղել են դեպքեր, երբ ես էլ անցել եմ այդ սահմանը: Դրա համար պետք է չդատենք, որ չդատվենք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս