Ո՞վ Հայաստանում կհյուրընկալի Յանուկովիչին

Անցած հանգստյան օրերին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո այդ երկրի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրն անհայտ է: Տարբեր տեղեկություններ են տարածվել այն մասին, որ նա մե՛կ փորձել է փախչել Դոնեցկով, մե՛կ Ղրիմով. թե ո՞ւր՝ հայտնի չէ:

Հաշվի առնելով, թե հատկապես ինչո՞ւ Յանուկովիչը և Ուկրաինան հայտնվեցին այս վիճակում, իհարկե, նրան առաջինը քաղաքական և ֆիզիկական ապաստան տրամադրողը պետք է որ լիներ Ռուսաստանը: Հասկանալի է, սակայն, որ այն վիճակում, որում Ռուսաստանն ու Պուտինը հայտնվել են ուկրաինական տապալումից հետո, Յանուկովիչին ապաստան տալը հերթական միջազգային խայտառակությունը կդառնա ՌԴ-ի համար:

Եթե, իհարկե, Պուտինը չի որոշել վերջնականապես պատժել Յանուկովիչին ու անձամբ չհայտնի նրա գտնվելու վայրը: Բայց իրավիճակը գոնե այս փուլում ավելի չսրելու նպատակով Պուտինի համար ավելի շահեկան է Յանուկովիչին թաքցնելը:
Իսկ որտե՞ղ, եթե ոչ՝ Ռուսաստանում:

«Մաքսային տարածքում», բնականաբար: Այսինքն՝ Յանուկովիչին ապաստան տրամադրելու պոտենցիալ վայրերը պետք է փնտրել Բելառուսում, Ղազախստանում կամ Հայաստանում: Բելառուսն ու Ղազախստանը՝ որքան անվտանգ, նույնքան էլ վտանգավոր կարող են լինել Յանուկովիչի համար: Նախ՝ բոլորը նրան, առաջին հերթին, փնտրելու են հենց Բելառուսում՝ Լուկաշենկոյի մոտ, հետևաբար՝ վերջինս հազիվ թե ցանկանա հերթական անգամ նման տհաճ առիթով հայտնվել աշխարհի ուշադրության կենտրոնում:

Ղազախստանը ևս կարելի է հանել ցանկից, քանի որ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ լինելով Մաքսային միության ճարտարապետներից մեկը, միևնույն ժամանակ, բավականաչափ ինքնուրույն է՝ Պուտինի ձախողված կադրերին ապաստան չտրամադրելու ու այդպիսով՝ կրկին աշխարհի ուշադրությանը չարժանանալու համար:

Այս պայմաններում Հայաստանը դառնում է Յանուկովիչին ապաստան տրամադրելու ամենահարմար վայրը: Նախ՝ Հայաստանն աշխարհագրորեն հեռու է իրադարձությունների կենտրոնից, Հայաստանի իշխանություններն ուկրաինական իրադարձությունների ամբողջ ընթացքում պահպանել են քար լռություն՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով Յանուկովիչին: Բացի այդ, Հայաստանի ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ոչ իշխանական ուժերում գտնվեն տասնյակ գործիչներ, ովքեր ուղղակի «հերթ կկանգնեն» Յանուկովիչին «առոք-փառոք» հյուրընկալելու ու պահպանելու համար:

Հերթում առաջինը, բնականաբար, կարող է լինել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում նվիրած կոնյակի տակառը խնամքով պահպանվում էր Յանուկովիչի՝ արդեն նախկին առանձնատանը: Ի դեպ, Ծառուկյանի խնամին՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը ևս Յանուկովիչի հետ մտերիմ հարաբերություններ ուներ, հետևաբար՝ կարելի է լուծված համարել նաև Ուկրաինայի նախկին նախագահի «լոգիստիկայի» հարցը:

Բայց այնպես չէ, որ Յանուկովիչին Հայաստանում հյուրընկալողների թիվը կսահմանափակվի միայն Ծառուկյանով ու նրա շրջապատով: Իշխանության մեջ ևս կան տասնյակ դեմքեր, ովքեր մեծ հաճույքով կհյուրընկալեն Յանուկովիչին: Նրանք տեսակներով շատ նման են, վստահաբար կարեկցում են Յանուկովիչին՝ գուցե մի փոքր էլ «հարիֆ» համարելով, որ սեփական իշխանությունը պահպանելու համար սահմանափակվել է սեփական ժողովրդից մոտ հարյուր կյանք խլելով:

Բայց ամենակարևորը՝ Յանուկովիչը հարուստ է, շատ հարուստ և ներկայիս իրավիճակում խնդիր ունի փրկել ու «տեղաբաշխել» իր հսկայական կարողությունը: Իսկ Հայաստանում «փողից հասկացողների» պակաս չկա:

Մնում է միայն, որ Յանուկովիչին Հայաստանում հյուրընկալելու թույլտվություն տա Ռուսաստանը: Գուցե երեկ Սոչիում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հենց այդ թեմայով էր զրուցում: Կամ՝ ցուցումներ տալիս:

Տեսանյութեր

Լրահոս