ԱԺ քառօրյայում կքննարկվի միանգամից երեք ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու հարցը. «Փաստինֆո»

Վաղը՝ փետրվարի 24-ին, Ազգային ժողովի մեկնարկելիք քառօրյա լիագումար նիստերում ոչ իշխանական չորս խմբակցությունները կառավարությանն անվստահություն հայտնելու հարց չեն բարձրացնի, քանի որ, ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հարցը «դեռ հասունացած չէ», փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են:  Սակայն քառօրյայում ակնկալվում են միանգամից երեք ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման մասին քննարկումներ, հաղորդում է  «Փաստինֆո»-ն:

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, քաղաքական մեծամասնությունը և ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը հանդես են եկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնություններով: Փետրվարի 21-ին խորհրդարանում զուգահեռ ընթանում էր երկու ստորագրահավաք՝ հիշյալ հանձնաժողովների ստեղծման մասին որոշումների նախագծերը քառօրյա նիստերում քննարկելու նպատակով:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, պատգամավորների առնվազն մեկ երրորդի՝ 44 պատգամավորի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի ու առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ։

ՀՀԿ-ն առաջարկում է ստեղծել Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունը, իսկ ՀԱԿ-ը՝ 2008թ. մարտիմեկյան դեպքերն  ուսումնասիրող հանձնաժողովներ:

Ընդդիմադիր ՀՅԴ խմբակցությունն էլ, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքով ընձեռնված իրավունքից, «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը համարել է արտահերթ:

ԱԺ որոշման նախագիծն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրվա ժամը 17.00-ն:

Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցերն ընդգրկվում են հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի օրակարգում և քննարկվում են այդ նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս