Մուհամմեդ Ալիի ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 836.500 դոլարով
Lenta.ru-ի փոխանցմամբ` բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի ձեռնոցները փետրվարի 22-ին ավարտված աճուրդում վաճառվել են 836.500 դոլարով: Մուհամմեդ Ալին իր կարիերայի ընթացքում ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը նվաճել է հենց այդ ձեռնոցներով: Այս մասին նշված է ամերիկյան Heritage Auctions աճուրդի տան կայքում:
Աճուրդից առաջ ենթադրվում էր, որ Ալիի ձեռնոցները չեն վաճառվի կես միլիոն դոլարից ավլի գնով: Ձեռնոցներին տիրելու համար պայքար է ընթացել 11 գնորդի միջև: Ձեռնոցների նոր տիրոջ անունը չի հրապարակվում: Նշվում է, որ Մուհամմեդ Ալին քաշային ծանր կարգում աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը նվաճել է 1964 թվականին, Մայամիում (Ֆլորիդա նահանգ):
Ալին այն ժամանակ կրում էր Կասիուս Կլեյ անունը և եզրափակիչի 7-րդ փուլում հաղթել է Սոնի Լիսթոնին: Փորձագետների մեծ մասի կանխատեսմամբ այդ մրցավեճում պետք է հաղթեր հենց Լիստոնը: 1965 թվականին տեղի ունեցավ ռևանշ հանդիպումը, սակայն վերստին հաղթեց Ալին: