Ինչպես 1945 թվականին անգլիական դեսանտն առանց մեկ կրակոցի ոչնչացրեց ճապոնական լավագույն դիվերսիոն գնդին
Expert Online պարբերականում փետրվարի 18-ին հրապարակվել է Սերգեյ Տիխոնովի «Կոկորդիլոսների ամենազանգվածային հարձակումը» խորագրով հոդվածը, որում ասվում է. «1945 թվականի փետրվարի 19-ին կոկորդիլոսները կերել են մինչև 1000 ճապոնացի զինվորների, որոնք փորձել են անգլիացիներից փրկվել ճահիճներում:
Ռազմական պատմության մեջ կա մեկ անհավանական դեպք, երբ 1945 թվականի փետրվարի 19-ին (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ) Ռամրի կղզում (Բիրմա` ներկայիս Մյանմար) տեղի ունեցած կատաղի մարտի ժամանակ անգլիական ծովային դեսանտը ճապոնական զորքին ներքաշեց դեպի մանգրենու ճահիճներ, որոնցում բնակվում էին հազարավոր բարձրակատար կոկորդիլոսներ:
Արդյունքում, քաղցած սողունները կերան հազար հոգուց բաղկացած ճապոնական ջոկատին: Անգլիացիները չծախսեցին մեկ փամփուշտ կամ արկ: Ճապոնական բանակի գնդապետի զեկույցը, որը գաղտնազերծվել է նախորդ տարի, վկայում է, որ Ռամրիի ճահիճներից այդ ջոկատից փրկվել և վերադարձել է միայն 22 զինվոր ու 3 սպա:
Ռազմական տրիբունալի հատուկ հանձնաժողովի ստուգումը, որն անցկացվեց դրանից երկու ամիս անց, ցույց տվեց, որ ճահճուտի 3 քառակուսի կիլոմետրանոց հատվածում ջուրը 24 տոկոսով բաղկացված է մարդու արյունից:
Այս պատմությունը տեղի է ունեցել 1945 թվականի փետրվարին, երբ Հիտլերի ճապոնացի դաշնակիցները դեռ հակահարձակումներ էին իրականացնում ռազմավարական բոլոր ուղղություններում` ներառյալ նաև Հարավ-արևմտյան ռազմաճակատը: Վերջինիս առանցքային օղակը հանդիսանում էր Բիրմայի Ռամրի կղզու Յուհան բարձունքում հեռահար հրետանու բազան:
Հենց այնտեղից առավել հաջող հարձակումներ էին իրականացվում անգլիական դեսանտանավերի վրա: Երբ անգլո-ամերիկյան հետախուզությունը բացահայտեց այդ օբյեկտը, դրա ոչնչացումն ընդգրկվեց բրիտանական նավատորմի 7-րդ օպերատիվ-դեսանտային էսկադրայի առավել առաջնահերթ 5 առաջադրանքների թվում:
Բազայի պաշտպանության համար ճապոնական հրամանատարությունը կղզի ուղարկեց բանակի լավագույն հատուկ ստորաբաժանումը` թիվ 1 դիվերսիոն կորպուսը, որը համարվում էր անգերազանցելի` մոբիլ (շարժուն) հետևակի հարձակումը հետ մղելու համար:
Անգլիական դեսանտային գումարտակի հրամանատար Էնդրյու Ուայերտը շատ խորամանկ ու հնարամիտ սպա էր: Նա հետախուզական խումբ ուղարկեց կղզու խորքերը, ուր գտնվում էին դժվարանցանելի մանգրենու ճահիճները, և իմանալով, որ դրանք պարզապես լեցուն են վիթխարի բարձրակատար կոկորդիլոսներով` որոշեց ամեն գնով թշնամական ջոկատին ներքաշել այնտեղ:
Սակայն Ուայերտի մայորն առարկում է. «Մեր հանդերձանքն ու սպառազինությունը նշանակված չեն ճահիճներ հաղթահարելու համար` ի տարբերություն ճապոնացիների, որոնք ունեն հատուկ հանդերձանք ու սառը զենքի պատշաճ զինանոց: Մենք կկորցնենք ամեն ինչ»: Ի պատասխան` հրամանատարն իրեն բնորոշ հումորային ոճով ասաց. «Վստահի´ր ինձ և ողջ կմնաս …»:
Հաշվարկը ցնցող էր` իր մարտավարական մշակմամբ: Այն բանից հետո, ինչ դիրքային մարտերի միջոցով ճապոնական ջոկատը բերվեց ճահճի բուն խորքերը (ինչի կապակցությամբ ճապոնացի սպաները միայն ուրախ էին` կարծելով, որ այստեղ իրենք կստանան առավելություն), Ուայերտը հրամայեց աստիճանաբար նահանջել դեպի առափնյա գիծ` վերջին հաշվով առաջնագծում թողնելով ոչ մեծ ջոկատ` հրետանու աջակցությամբ:
Մի քանի րոպե անց անգլիացի սպաները հեռադիտակով ականատես եղան տարօրինակ տեսարանի. չնայած հարձակման ժամանակավոր դադարին` ճապոնացի զինվորները մեկը մյուսի հետևից սկսեցին ընկնել ճահճային պղտոր ջրի մեջ: Շուտով ճապոնական ջոկատն ընդհանրապես դադարեց դիմադրել իր ռազմական հակառակորդին. դեռ ոտքի վրա մնացած մարտիկները մոտենում էին ընկածներին և փորձում էին նրանց դուրս բերել ինչ-որ բանից, ապա իրենք նույնպես ընկնում էին:
Հետագա երկու ժամվա ընթացքում բլրի վրա կանգնած անգլիացիները հանգիստ նայում էին, թե ինչպես է «մարում» ճապոնական հզոր, հիանալի սպառազինված ջոկատը: Արդյունքում, կոկորդիլոսները ողջ-ողջ կերան 1215 ընտրյալ, փորձառու զինվորներից բաղկացած ճապոնական լավագույն դիվերսիոն գնդին, որը քանիցս հաղթել էր իրեն զգալիորեն գերազանցող հակառակորդի ուժերին, ինչի համար թշնամիների կողմից ստացել էր «Սմերչ» անվանումը:
Մնացյալ 20 զինվորները, որոնց հաջողվել էր փրկվել կոկորդիլոսների երախից, բարեհաջող գերեվարվեցին անգլիացիների կողմից: Այս միջադեպը պատմության մեջ մտել է որպես «կենդանիների հարձակումից մարդկային մահերի ամենամեծ քանակ»: Այն ընդգրկվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում, որում այդ կապակցությամբ գրված է.
«Մոտ 100 ճապոնացի զինվոր, փորձել են հետ մղել Մեծ Բրիտանիային ռազմածովային նավատորմի դեսանտի հարձակումը ափից 10 մղոն հեռավորության վրա` մանգրենու ճահիճներում, ուր բնակվում են հազարավոր կոկորդիլոսներ: Ավելի ուշ գերեվարվեց ողջ մնացած 20 զինվոր, սակայն մեծ մասին կերել են կոկորդիլոսները:
Նահանջող զինվորների դժոխային վիճակը վատթարացնում էին նաև վիթխարի քանակությամբ կարիճներն ու արևադարձային մոծակները, որոնք նույնպես հարձակվում էին նրանց վրա»:
Բարձրակատար կոկորդիլոսը ցայժմ համարվում է մոլորակի ամենավտանգավոր ու ամենաագրեսիվ գիշատիչը: Ավստրալիայում բարձրակատար կոկորդիլոսներից հարձակումներից զոհվում են ավելի շատ մարդիկ, քան` մեծ, սպիտակ շնաձկների հարձակումներից, որը սխալմամբ ժողովրդի շրջանում համարվում է ավելի վտանգավոր կենդանի:
Բարձրակատար կոկորդիլոսին է բաժին ընկնում կենդանական աշխարհի ուժեղագույն կծոցը. խոշորները կարող են կծել ավելի քան 2500 կիլոգրամ ուժով: Նրա ծնոտն այնքան ուժեղ է, որ ունակ է մի քանի վայրկյանում կոտրել գոմեշի գանգը կամ ծովային կրիայի զրահը:
Պետք է ընդգծել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրանցված ու փաստագրական առումով հաստատված ևս մեկ դեպք, որը նույնպես առնչվում է կենդանիների հարձակումների հետևանքով մարդկանց զանգվածային զոհվելու հետ:
Այս անգամ խոսքը մեծ, սպիտակ շնաձկների մասին է, որոնք կերել են մոտ 800 անօգնական մարդկանց: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ քաղաքացիական բնակչությանը փոխադրող նավերը ենթարկվել են ռմբակոծման ու ջրասույզ են արվել»: