Նաիրա Զոհրաբյանը՝ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու մասին. Մենք ինքնանպատակ հակադրվելու միտք չունենք

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած ոչ իշխանական և իշխանական ուժերի համատեղ խորհրդակցությունից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իշխող կոալիցիայի կողմից գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնության շուրջ «Բարգավաճ Հայաստանի» առաջարկներն ընդունվել են:

Նա ասաց, թե ԲՀԿ-ն մասնակցելու է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից նախաձեռնած հանձնաժողովի աշխատանքներին: «Այո, մենք առաջարկներ արել ենք, իրենք պետք է քննարկեն, կարծես թե համաձայնության եկանք, որ մեր առաջարկներն ընդունելի են մեծամասնության կողմից»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, թե իրենք ինքնանպատակ հակադրվելը ճիշտ գործընթաց չեն համարում, ուստի, նրա խոսքով, իրենց համար կարևոր է, որ ընդունվի այս հանձնաժողովի ստեղծման աշխատանքների նախագիծը: «Իհարկե, իշխանությունը շատ վատ արեց, որ մեր առաջարկը մերժեց նման հանձնաժողով ստեղծելու մասին, բայց եթե իրենք բերեցին նախագիծ, որտեղ մեր մտահոգությունները արտահայտված են, մենք ինքնանպատակ հակադրվելու միտք չունենք և մեզ համար կարևոր է, որ խիստ մտահոգիչ հարցերը քննարկվեն և ստանանք այդ հարցերի պատասխանները»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն կաշխատի՞ այդ հանձնաժողովում, եթե ոչ իշխանական ուժերը որոշեն չմասնակցել դրան, նա պատասխանեց, թե ՀՅԴ-ն ևս կողմ է նախագծին և մասնակցելու է ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս