Ավտոմեքենաների վրա լուսային կամ ձայնային ոչ ստանդարտ ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելու համար տուգանքի չափը կավելանա
Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների չափերը կավելանան: Կառավարությունն այսօր ընդունեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացրած նախագիծը՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:
Վ. Գասպարյանն առաջարկում է տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելող սարքավորումներ (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով՝ 20 հազար դրամ: Գործող օրենքով՝ այդ իրավախախտման համար ներկայումս նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով՝ 10 հազար դրամ տուգանք:
Կառավարության նիստի ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով սահմանվելու է պատասխանատվություն նույն արարքը տույժի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար: Համաձայն օրենքի նախագծի՝ այս դեպքում խախտում կատարող անձինք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 հազար դրամ, իսկ ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումները բռնագրավվելու են:
Ըստ նախագծի՝ գիշերային ժամերին (23:00-ից մինչև 7:00-ն) տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևրներ կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելու համար նախատեսվելու է տուգանք նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով՝ 20 հազար դրամ:
Օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը կառավարություն ներկայացված հիմնավորման մեջ նշվել է այն հանգամանքը, սր ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշանների կիրառումը վերջին տարիներին լայն տարածում է ստացել:
Բացի դա, ըստ հիմնավորման՝ ձայնային ազդանշանների արձակումը հանրային վնասակարության բարձր աստիճան ունի: «Վերջիններիս կիրառման կանոնները խախտելու արդյունքում, մասնավորապես՝ գիշերվա ժամերին, վտանգվում է ճանապարհային երթևեկությունը, առաջանում են վթարային իրադրություններ, ինչպես նաև խախտվում է քաղաքացիների անդորրը: Պրակտիկան ցույց է տալիս, որ տրանսպորտային միջոցների վարորդները հիմնականում շրջանցում են օրենքի նորմերի պահանջները սանկցիայի՝ ոչ այնքան բարձր լինելու պատճառով: Այսինքն, այս դեպքերում սանկցիան խստացնելով, միաժամանակ, կանխվում է նաև վարորդների հնարավոր օրինազանց վարքագիծը»,- նշված է հիմնավորման մեջ: