Գալուստ Սահակյանը՝ ընդդիմությանը. Թող թռչկոտեն, մենք գոնե այնպես ենք անում, որ իրենց թևերը չպոկվեն

168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ասել էր, որ սկսած տպագիր թերթերից, կայքերից, վերջացրած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերով, իշխող մեծամասնության աշխատանքի վրա «ցեխ են շպրտում»:  Փաստորեն, ՀՀԿն մենա՞կ է մնացել, այսինքն՝ չկա՞ մեկը, ով ցեխ չշպրտի ՀՀԿի վրա:

– Ոչ: ՀՀԿ-ն մենակ չէ. ՀՀԿ-ի հետ նաև ժողովուրդն է, իսկ դա գալիս է նրանից, որ ընդդիմությունն օրակարգ չունի: Իրենք իրենց միակ գերխնդիրը դարձրել են իշխանության գալը, այն էլ՝ ԱԺ պատերի մեջ կամ Երևանի փողոցներում՝ ասֆալտի վրա: Ուրիշ հոգս, ծրագիր, մոտեցում, որևէ քննարկվող նյութ չունեն: Ցեխ են շպրտում… Ամենակարևորը նա է, որ էդ ցեխը մեզ չի ցեխոտում, պարզապես վարկաբեկում է իրենց: Ժողովուրդը, կարող է, իշխանություններից գոհ չէ, որովհետև ժողովուրդն առաջնորդվում է իր ցանկություններով, ոչ թե հնարավորություններով, բայց գոհ չէ ընդդիմությունից էլ, որովհետև քանի-քանի անգամ հավաքեցին, հոխորտացին, գլուխ գովացին, թե՝ հես ա գալիս ենք, ամեն ինչ բերում ենք, անում ենք, բայց ժողովրդին թողեցին, որ իրենց տները գնան: Հիմա նորից գարուն է, օրերը կտաքանան, նորից դուրս կգան, Երևանի ասֆալտի վրա որոշումներ կկատարեն, էլի ցեխ կշպրտեն քաղաքական որոշ ուժերի վրա, հետո կտեսնեն, որ էդ ցեխից ավելի շատ իրենք են ցեխոտվում, մրոտվում, քան՝ մենք:

Պարոն Սահակյան, պնդում եք, որ ՀՀԿն մենակ չէ այսօր: Բայց եթե համեմատենք ոչ իշխանական ուժերի հետ, ովքեր համախմբված են, միասնական օրակարգ են ձևավորում,  իսկապես չե՞ք կարծում, որ մենակ եք մնացել դաշտում, չկա մի քաղաքական ուժ, ում հետ դուք համագործակցում եք:

Կարդացեք նաև

– Մենք երկու անգամ իրանցից շատ ենք, ո՞նց եք միայնակ: Իրենց հզորություններից մենք ավելին ենք: Իսկ այդ միասնական օրակարգը, որ ասում եք՝ քաղաքական շոու է: Ենթադրենք՝ կառավարությանն անվստահություն ներկայացրին, վարչապետի հրաժարականը պահանջեցին, բայց իրենք կանխավ գիտեն, չէ՞, որ դա հնարավոր չէ: Վերջին հաշվով, եթե նույնիսկ այդ ճանապարհով գնան, էլի մենք ենք առաջադրելու, չէ՞, վարչապետ: Ընդդիմությանն այս երկու օրը կեսկատակ-կեսլուրջ ասացի, որ՝ այ, եթե այդ չորս ուժերով ներկայացնեք հասարակությանը, ձեզնից ո՞վ պիտի վարչապետ դառնա, միանգամից արդեն քննարկելի կդառնա ձեր հարցը: Բայց մարդիկ գլխի ընկան, որ իրենք չեն կարող, այնքան ամբիցիաներ ունեն, որ չեն կարող այդ չորս ուժերով մի վարչապետի թեկնածու տալ:

Այսինքն՝ ՀՀԿն պատրա՞ստ է քննարկել վարչապետի փոփոխության հարցը, եթե ոչ իշխանական ուժերը ներկայացնեն գործադիր ղեկավարի իրենց թեկնածուին:

– Այսպես թե այնպես, կանոնակարգը թույլատրում է: Կբերեն, բնականաբար, մերժելու ենք, իրենք էլ գիտեն, որ մերժելու ենք ու նորից քոռուփոշման, էդպես պիտի նստեն, ուրիշ հնարք գտնեն: Հիմա գազից թռնում են կուտակային, կուտակայինից թռնում են Որոտան, ու տենց թռչկոտելով, թռչկոտելով… զգացվում է, որ սկսել են, դրանք մոռացել են, հիմա նոր բան են ման գալիս:

ՀՀԿն մեծամասնություն է, քվեարկում է այնպես, ինչպես ուզում է: Ընդդիմությունն ինչպե՞ս վարվի այս պարագայում, ոչինչ չձեռնարկի՞, ինչ է՝ Հանրապետականը դեմ է քվեարկելու:

– Պիտի այնպես անեն, որ իրենք էլ դառնան ինչ-որ պահի մեծամասնություն: Այնպես չի լինում, որ ընդդիմությունն առաջարկում է, ձեռքերը ծալում-նստում է, որ պատասխանատվությունը նորից ընկնի քաղաքական մեծամասնության վրա: Դրա համար այդ ընդդիմությունից մի երկու հոգու կարելի է գործուղել գյուղեր, որ ուսուցչությամբ զբաղվեն, գոնե տարին մեկ անգամ մի գյուղ գնան, տեսնեն՝ այդ հողագործն ի՞նչ է անում: Կարկուտի համար սքանչելի ակորդներ բաց թողեցին, կարծես թե իշխանությունն էր կարկուտը բաց թողել, բայց երբ հայտարարեցինք, որ փորձելու ենք օգնել այդ մարդկանց, մի տեսակ էդ ընդդիմադիրները ոչ մի լումա չտվեցին: Թող թռչկոտեն, մենք գոնե այնպես ենք անում, որ իրենց թևերը չպոկվեն: Ընդդիմությունը չի կարողանում իր դերակատարումն ապահովել քաղաքական դաշտում, լուսանցքում թռչկոտելով է զբաղված: Դրա համար ոչ թե պիտի խոսեն, այլ գործ անեն, որ ինչ-որ մի ենթադրյալ ժամանակ իրենք էլ մեծամասնություն դառնան: Իսկ մեծամասնությունը պատասխանատվություն է, դա այն չէ, որ շատ են:

Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը ՀՀԿի համար հիմա քննարկելի՞ է, թե՞ ոչ:

– Ոչ:

Ինչո՞ւ քննարկելի չէ:

– Որովհետև մենք ենք նշանակել:

Բայց ՀՀԿական պատգամավորներից շատերը տարբեր առիթներով քննադատում են կառավարությանը, ասում են, որ իրենք էլ գոհ չեն այս կամ այն հարցից: Հիմա ի՞նչ պատահեց:

– Դե, դա ուրիշ է:

Տեսանյութեր

Լրահոս