Թուրքիայի խորհրդարանն ընդունել է վիճելի օրինագիծ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել վիճելի օրենք, որը ընդլայնում է կառավարության վերահսկողությունը դատավորների ու դատախազների նշանակման գործընթացի նկատմամբ:
Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) նկատմամբ իշխանությունների վերահսկողությունն ընդլայնող այս օրենքի նախապատրաստումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերին` Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո: Օրինագիծը հարուցել է թուրքական ընդդիմության, ինչպես նաև եվրոպական կառույցների դժգոհությունը:
Օրենքի ընդունման մասին որոշումն ընդունվել է խորհրդարանի գիշերային լարված նստաշրջանից հետո: Բանավեճերը տևել են մոտ 20 ժամ, դրանց ընթացքում իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև բռնկվել է ծեծկռտուք, որի ժամանակ կոտրել են ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Իհսան Քոքթյուրքի քիթը, որին հոսպիտալացրել են:
Թուրքական ընդդիմությունը կարծում է, որ նոր օրենքը կասկածի տակ է դնում դատավորների անկախությունը: Արդարադատության համակարգում բարեփոխումներ կատարելու նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի կառավարությունը: