Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ականներին. Ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ՝ փողոցները
«Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ՝ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ մարդիկ կհավաքվեն՝ իրենց խնդիրները բարձրացնելու համար»: Այս մասին ԲՀԿ համագումարում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Այս համագումարով, մենք դնում ենք կուսակցության բարեփոխումների նոր հիմքը, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը: Մեզ շատ դժվար աշխատանք է սպասվում. Ով պատրաստ է դրան, ես ուրախ կլինեմ տեսնել իմ կողքին: Ում մտքին այլ բան կա՝ ավելի լավ է կեղծ հույսեր չփայփայի: ԲՀԿ-ն պետք է լինի բաց մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ:
Այն մարդը, կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու հետևաբար՝ չի կարող ունենալ քաղաքական ապագա: Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը և որ ամենակարևորն է հասարակությունը:
Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ»,- նշել է նա: