Ինչու են աշխատանքից հեռացվել Մետրոպոլիտենի աշխատակիցները. պարզաբանում է տնօրենը

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը քիչ առաջ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: «Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների»,- ասված է «Դ!եմ եմ»-ի տարածած հայտարարության մեջ:

Երևանի Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներն աշխատանքից ազատվել են իրենց աշխատանքային պարտականությունները թերի կատարելու և ոչ թե  բողոքի ակցիային մասնակցելու համար:

«Մետրոպոլիտենում 1000 հոգուց ավելի մարդ է աշխատում, և այդ 1200 հոգու մարդկանց աշխատանքային պայմաններում կարող է պատահի, որ օրվա ընթացքում երկու հոգի մարդ ազատվի, 3 հոգի մարդ ազատվի, 5 հոգի էլ մարդ ընդունվի: Պատկերացնո՞ւմ եք՝ 1000 հոգի, 1200 հոգի մարդ: Կարո՞ղ եք ամեն անգամ հղում անել դրա վրա: Նման բան գոյություն չունի:

Իրենք իրենց աշխատանքային, ծառայողական պարտականություններում թերացել են, իրենց անմիջական ղեկավարը զեկուցագիր է գրել, որ ստուգման արդյունքում հայտնաբերել ենք այսպիսի թերություններ, որոնք անթույլատրելի են և վստահություն չեն ներշնչում այդ մարդկանց աշխատանքին, զեկուցագրով դիմել են մասնաճյուղի պետին, մասնաճյուղի պետն էլ միջոցներ է ձեռնարկել, ես կարծում եմ՝ բոլոր օրինականության սահմաններում: Իզուր տեղը թող ուրիշ խուճուճ բաներ չանեն, մարդիկ օրենքի սահմաններում գործել են, իրենց իրավունքների սահմաններում գործել են»,- ասաց Փայլակ Յայլոյանը:

Մետրոպոլիտենի տնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավո՞ր չէր պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները չփոխանցել ֆոնդերին, քանի որ Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային կենսաթոշակային վճարները չկատարած գործատուներին և աշխատակիցներին ազատել էր պատասխանատվությունից:

«Մենք ոչ մի տեղ էլ չենք փոխանցել: Մենք ուղղակի կասեցրել ենք այդ գործընթացը, ինչպես որ հանձնարարված է: Գումարները գտնվում են իրենց տեղերում, հիմնարկի հաշվին են գտնվում: Եթե որոշում կայացնեն, որ օրենքը պետք է գործի արդեն հունվարի 1-ից, որպեսզի ծանր չլիներ աշխատողների համար, հետո միանգամից երեք ամսվա հումար չգանձեինք, մենք հերթով մասհանում ենք կատարել: Գտնվում են իրենց տեղում, ոչ մի տեղ չեն փոխանցվել: Այդ գումարներն անմիջապես, նույն օրը կվերադարձվեն աշխատակիցներին:

Ուղղակի որպեսզի պրոցեդուրան ավելի պարզ լինի, ավելի մատչելի լինի մարդկանց համար, իրենց համար ծանր չլինի մարտ ամսին, այդ քայլին գնացել ենք, ինչպես որ հրահանգավորված է եղել մեր վերադասի կողմից»,- ի պատասխան ասաց Մետրոոպլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:

Նա նշեց, որ կուտակային կենսաթոշակային վճարները գանձվել են միայն հետագայում աշխատողների համար դժվարություններ չառաջացնելու համար. եթե Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչի, ապա գումարներն անմիջապես կվերադարձվեն աշխատակիցներին:

Տեսանյութեր

Լրահոս