Ադրբեջանում պատրաստել են տեղեկատվության հոգեբանական անվտանգության մասին օրենք
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են նոր անակնկալ: Խոսքը գնում է տեղեկատվության հոգեբանական անվտանգության օրենքի մասին:
Այս մասին իշխանամետ մի շարք ԶԼՄ-ների հայտնել է խորհրդարանի՝ մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Ռաբիյատ Ասլանովը՝ ընդգծելով, որ այն արդեն իսկ քննարկվել է հանձնաժողովում: Նրա խոսքերով՝ երկրի համար շատ կարևոր է այդ օրենքի ընդունումը:
Ասլանովը մանրամասնել է, որ օրենքն ընդգրկելու է տեղեկատվական ողջ ոլորտը՝ տպագիր, էլեկտրոնային ԶԼՄ-ներ ու համացանց: Նա նկատել է, որ այդ օրենքը հնարավորություն կտա պայքարել Սիրիայում պատերազմի մեկնելու վերաբերյալ կոչերի դեմ, ինչն իրականացնում են մի շարք կայքեր և հավաքագրում են երիտասարդությանը:
Ասլանովը հավելել է, որ անհրաժեշտ է պայքարել նաև անբարոյականության, ծայրահեղականության և բացասական այլ երևույթների դեմ, որոնք առնչվում են համացանցի օգտատերերին: Ասլանովը, սակայն, չի մանրամասնել, թե ինչպիսին է լինելու այդ երևույթների դեմ պայքարի մեխանիզմը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլը բավական հաճախ է գրում Սիրիայում ադրբեջանցի զինյալների զոհվելու մասին՝ ընդգծելով, որ նրանց թվաքանակը գերազանցել է 100-ի սահմանագիծը: