Թուրքիան ողջունել է Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսվելը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը ողջունել է Կիպրոսի նախագահի ու թուրք-կիպրացիների առաջնորդի միջև բանակցությունների վերսկսումը: Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և թուրք-կիպրացիների առաջնորդ Դերվիշ Էրօղլուն այսօր հանդիպել են Կիպրական խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում:
Նրանք հավանության են արժանացրել համատեղ հայտարարություն և հաստատել են, որ մտադիր են շարունակել բանակցությունները, որպեսզի հնարավորինս շուտ արդյունքի հասնեն ֆեդերատիվ պետության մեջ կղզու միավորման հարցում:
Այդ բանակցություններին ներկա է գտնվել նաև Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ղեկավար Լիզա Բաթենհայմը: Թուրքիայի ԱԳՆ-ը ցանկություն է հայտնել, որ բանակցող կողմերն ամենամոտ ժամանակներս հանգեն Կիպրական հարցի կարգավորմանը, որը կլինի արդար, ամուր ու կենսունակ:
Հիշեցնենք, որ Կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»: