Բաժիններ՝

Հայաստան ներմուծված մեքենաների քանակը կտրուկ աճել է

Անցած տարի Հայաստան ներմուծված ավտոմեքենաների քանակը զգալիորեն աճել է: Պետական եկամուտների հրապարակած տվյալների համաձայն՝ 2013-ին ներմուծվել է 41,102 ավտոմեքենա, որը 18.5%-ով ավելի է 2012 թ-ի համեմատ: Հայտնի է, որ ՀՀ ավտոմեքենաները ներկրվում են մեծամասամբ Գերմանիայից, Ճապոնիայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից և, իհարկե, Վրաստանից:

Ավտոսիրողների այս ակտիվացումն, ըստ ամենայնի, պայմանավորված է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարով, քանի որ այդ «ռուբիկոնից» հետո ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ավտոմեքենաների ներկրումը կտրուկ կթանկանա` մաքսատուրքերի դրույքաչափի բարձրացման արդյունքում:

Ընդ որում, եթե ներկայումս ռուսական մեքենաների սիրահարները բավականին քիչ են (անցած տարի Ռուսաստանից ներկրվել է ընդամենը 2400 ավտոմեքենա), ապա ՄՄ-ին անդամակցության մասին պայմանագրի ստորագրումից հետո, այս ցուցանիշները գուցե և հայելային փոխվեն ու երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը կտրուկ կպակասի:

Ի դեպ, նախորդ տարվա համեմատ ավելացել է բոլոր գնային մակարդակների ավտոմեքենաների ներկրումը, բացի 30 հազար և ավելի դոլար արժողություն ունեցողներից (2012-ի համեմատ ներկրումը պակասել է 235-ով և կազմել 1,332 հատ): Սա բացատրվում է նրանով, որ 2012 թ-ից 30 հազար դոլարից բարձր գին ունեցող ավտոմեքենաները հարկվում են շքեղության հարկով: Գնային կատեգորիայում ՀՀ գնորդները նախապատվությունը տվել են մինչև 5000 դոլար արժողության մեքենաներին՝ ներկրելով 25,257 հատ մեքենա (2012-ի համեմատ 4675-ով ավելի): 5-10 հազար դոլար արժողությամբ ներկրված մեքենաների քանակը կազմել է 8,779 հատ (2012-ի համեմատ 831-ով ավելի), 10-15 հազար դոլար արժողությամբ՝ 3,104 հատ (2012-ի համեմատ 843-ով ավելի), 15-30 հազար դոլար արժողությամբ՝ 2,630 հատ (2012-ի համեմատ 316-ով ավելի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս