Բաժիններ՝

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ծրագիրը կհամակարգի ՁԻՀ-ը

Վանաձոր քաղաքում տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու նպատակով կհատկացվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ին ամրացված Վանաձոր  քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող N1 մասնաշենքի Ա, Բ-1 և Բ եռահարկ հատվածները, ինչպես նաև մասնաշենքին հարող հողամասը: Այդ շինությունները չեն շահագործվում և չունեն դուռ և լուսամուտներ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր կճանաչվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Այս մասին որոշումը ներառված է ՀՀ կառավարության փետրվարի 13-ի նիստի օրակարգում:

Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակով կծառայի որպես ինկուբացիոն կենտրոն ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նորաստեղծ լաբորատորիաների և ընկերությունների համար` խթանելով նոր ներդրումների ներգրավումը, սկսնակ ընկերությունների ձևավորումն ու աշխատատեղերի ստեղծումը: Նախագծի հեղինակների կարծիքով՝ կենտրոնի ստեղծումը հիմք կհանդիսանա ոչ միայն մարզի տնտեսական զարգացման և կենսամակարդակի բարձրացման համար, այլև հնարավորություն կընձեռի ձևավորել տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց, որը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ մեկտեղ կստեղծի առավել հիմնավոր նախադրյալներ Հայաստանի ընդհանուր տեխնոլոգիական առաջընթացի, մրցունակության և վարկանիշի բարձրացման համար: Ընդ որում՝ Վանաձոր քաղաքի ընտրությունը պայմանավորված է մի քանի կարևորագույն հանգամանքներով, այն է՝ նախկին արդյունաբերական հզորություններ, տեխնոլոգիական զարգացման առկա ներուժ, համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների, կրթական հաստատությունների և տեխնոլոգիական ավանդույթների առկայություն:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս