Վրաստանը սկսում է զրահագլխարկների ու զրահաբաճկոնների արտադրություն (տեսանյութ)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Վրաստանում տեղի է ունեցել «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի արտադրության զրահագլխարկների ու զրահաբաճկոնների շնորհանդեսը:
Դրան մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, անվտանգության ու պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, Վրաստանի կառավարության անդամներ և օտար երկրների ռազմական կցորդներ:
Շնորհանդեսից հետո նոր արտադրանքը փորձարկվել է հատուկ հրաձգարանում: Ռազմական հրահանգիչները տարբեր տիպի զենքերից (ատրճանակ, ինքնաձիգ, դիպուկահար հրացան) կրակել են զրահագլխարկների ու զրահաբաճկոնների վրա:
«Դելտայի» տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին հայտարարել է, որ իրենց արտադրած զրահը համապատասխանում է Վրաստանի զինված ուժերի պահանջներին ու ՆԱՏՕ-ի չափորոշիչներին, այն պաշտպանություն է ապահովում ռազմական ու հատուկ գործողությունների ժամանակ:
Զրահագլխարկի քաշը կազմում է 1200-1500 գրամ, այն հեշտ է տեղավորել գլխին, իսկ զրահաբաճկոնի քաշը՝ 3200 գրամ, պաշտպանած տարածքը՝ 42 քառակուսի դեցիմետր: