Եթե հիացած են նախագահով, իրենց մաղթում եմ քաղաքական գրագիտություն

Հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ շատ ցածր է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հասարակությունը պատրա՞ստ է սատարել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու` ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հնարավոր պահանջին:
Գևորգ Պողոսյանը նշեց, թե հասարակության մեջ անվստահության մեծ մթնոլորտ է տիրում, ուստի որևէ մեկին չի զարմացնի կառավարության հրաժարականը: «Եթե կառավարությունը հրաժարական տա` ոչ ոք դրանից չի զարմանա, և դրանից դժգոհության կամ բողոքի ալիք չի բարձրանա:

Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց նկատմամբ հասարակության մեջ դժգոհություն կա, և սա մեկ տարվա, մեկ շաբաթվա դժգոհություն չէ: Այն կուտակվել է կառավարության պաշտոնավարման ամբողջ ընթացքում, նպաստել են դրան վերջին գազի համաձայնագրերը, 300 մլն-ի պարտքերը, որոնք բացատրելի չեն, կուտակային պարտադիր բաղադրիչը, և այլն»,- նշեց նա:

Գ. Պողոսյանը, սակայն, կարծում է, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնելու դեպքում` կառավարությունը հրաժարական չի տա: «Դա, իհարկե, որպես քաղաքական ակցիա` հնարավոր կլինի դիտարկել, բայց դժվար թե արդյունք ունենա: Դժվար է ասել նաև, թե արդյոք կառավարությունը հրաժարական կտա՞ այն դեպքում, երբ քաղաքական ուժերին միանա նաև հասարակությունը, սատարի նրանց պահանջը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ հասարակության օժանդակության պարագայում անգամ` արդյունքի, ցավոք, չենք հասել»,- ասաց սոցիոլոգը:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված կառավարության թիրախավորումը, ինչո՞ւ ՀՀ նախագահի կամ ամբողջական իշխանափոխության հարցը չի բարձրացվում, արդյո՞ք պատճառն այն է, որ դժգոհություն կա միայն Տիգրան Սարգսյանի հանդեպ, Գևորգ Պողոսյանը պատասխանեց. «Մարդիկ, հավանաբար, ավելի շատ անհանգստացած են կառավարության աշխատանքից, որովհետև այս վերջին դեպքերը` էներգետիկայի ոլորտում, կենսաթոշակայինի խնդիրը, այնքան է մարդկանց զայրացրել, որ քաղաքական հարցերը մի կողմ են մնացել, առաջնային են դարձել տնտեսական, սոցիալական հարցերը, որոնք էլ դառնում են դժգոհության պատճառ»:
Ամեն դեպքում, ըստ Գ. Պողոսյանի` կառավարության հրաժարականը հեռու է իրականություն դառնալուց:

Կարդացեք նաև

«Անկեղծ ասած` չեմ հավատում, որ չորս ուժերի միացումն այս հարցում ինչ-որ օգուտ կտա: Հանրապետական կուսակցությունը պետք է իր մեջ կամք գտնի և լուծի իր դրած` կառավարության հարցերը: Բոլոր դեպքերում ճիշտ է, որ ԱԺ ամբիոնից նման հարց բարձրացվի, երբ հասարակությունը դժգոհ է, բայց խոսել արդյունքներից` դժվար է»,- եզրափակեց սոցիոլոգը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ, ի պատասխան մեր հարցին, թե ինքը` որպես արտախորհրդարանական ոչ իշխանական ուժի նախագահ, կսատարի՞ այս նախաձեռնությունը, պատասխանեց, որ գործող համակարգի ներսում վարչապետը որևէ խնդիր չի լուծում: «Այն վարչապետը, որը իշխող կլանի անդամ է, չի կարող ոչինչ փոխել, նրանից ոչինչ կախված չէ: Եթե այդ ուժերն անկեղծ են, պետք է նախաձեռնեն լուծել բուրգի հարցը. թող Սերժ Սարգսյանի իմպիչմենտը ստորագրեն: Միգուցե մտածում են, որ ՀՀԿ-ականներից իրենց կաջակցե՞ն. դե դա ուրեմն ներիշխանական խաղ է»,- նշեց Մակեյանը` հավելելով, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պարզապես «ժամանակ, էներգիա են վատնում», երբ առաջ են քաշում նման անհստակ պայքար: Ըստ Մակեյանի` վարչախմբի հանդեպ ձևավորվել է ատելություն, ուստի լոկալ պայքարը պետք է վերափոխել ամբողջականի, հատկապես, երբ ազատամարտիկներն էլ համախմբվում են: «Իրենց արածն ինձ համար անհասկանալի է. գուցե մտել են մի պրոցեսի մեջ, որ ԱԺ-ում անպայման սյուրպրիզնե՞ր են ուզում անել… չգիտեմ, չեմ հասկանում»,- նկատեց նա:

Իսկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լսելով մեր հարցը` արձագանքեց այսպես.

«Այսինքն` նախագահով հիացա՞ծ են, պահանջում են` կառավարությունը հրաժարակա՞ն տա… Եթե հիացած են` իրենց մաղթում եմ քաղաքական գրագիտություն»:

Տեսանյութեր

Լրահոս