Թուրքիան ականազերծման աշխատանքներ է իրականացնելու Հայաստանի ու Իրանի հետ սահմաններին

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան պատմական նախաձեռնություն է իրականացնում իր արևելյան սահմաններին: Խոսքը գնում է Հայաստանի ու Իրանի սահմաններին ականազերծման աշխատանքներ իրականացնելու և սահմանին ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած դիտարկման միջոցներ տեղակայելու մասին:

Նախագծի արժեքը կազմում է 52.450.000 եվրո, որի 75 տոկոսը ֆինանսավորում է ԵՄ-ը, իսկ մնացյալ մասը՝ Թուրքիայի ՊՆ-ը: Նախագիծը համակարգում են Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը և ՆԳՆ-ը: Նախագիծն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում նախատեսված է Հայաստանի ու Իրանի սահմաններին ականներից մաքրել 11.665.641 քառակուսի մետր տարածք:

Սահմանային գոտիներն ականազերծելուց հետո այնտեղ տեղակայվելու են ժամանակակից դիտարկման համակարգեր՝ սահմանի ապօրինի հատումները, մաքսանենգության դեպքերը կանխելու համար:

Թուրքական լրատվամիջոցը չի բացառում, որ ականազերծման այս աշխատանքները կարող են կապված լինել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ: Թերթը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում գտնվող հայ-թուրքական սահմանի Իգդիրի հատվածում մեկնարկել են շինարարական աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս