ԼՂՀ-ի ճանաչման գործընթացն անհրաժեշտ է սկսել Ռուսաստանից. ուկրաինացի փորձագետ
AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի հայտնի քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Էվալդ Շտադլերի հայտարարությունը՝ կապված ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության հետ:
Փորձագետի կարծիքով՝ այդ գործընթացն անհրաժեշտ է սկսել Ռուսաստանից՝ որպես գլխավոր երկրի, ով ազդում է տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա. «Հենց Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղը, մնացյալ, Հայաստանի ու Ադրբեջանի համար առավել հեռավոր երկրները կկարողանան կողմնորոշվել այդ հարցում»:
Նշվում է, որ փետրվարի 5-6-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը: Մեկնաբանելով առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները՝ Էվալդ Շտադլերն ընդգծել էր.
«ԵՄ-ը և այդ միավորման երկրները պետք է ԼՂՀ-ը ճանաչեն որպես ինքնիշխան պետություն: Այդ պատճառով ես, որպես յուրօրինակ ուղերձ, պլանավորում եմ Ավստրիայում ստեղծել Ավստրիա-ԼՂՀ բարեկամության խումբ»: