Վրաստանում մինչև 17 բանտարկյալ կտրել է երակները
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր Քութայիսի մոտ գտնվող Գեգուտի բանտում մի շարք բանտարկյալներ կտրել են իրենց երակները: Ակցիային մասնակցել է 10-17 մարդ: Նրանք հայտարարել են, որ այդ կերպ բողոքում են բանտի ղեկավարության կողմից իրենց հանդեպ գործադրվող կոշտ վերաբերմունքի դեմ:
Քութայիսի հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ: Նրանց բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Բժիշկների խոսքերով՝ բանտարկյալների կյանքը վտանգի տակ չէ: Նախորդ շաբաթ այդ բանտի 800 բանտարկյալ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով պաշտոնանկ անել բանտի ղեկավարությանը: Հացադուլը շարունակվում է արդեն 5 օր:
Վրաստանի պատիժների իրագործման նախարար Սոզար Սուբարին լրագրողներին հայտնել է, որ դա քրեական հեղինակությունների պլանավորած ակցիան է, որոնք դժգոհ են նրանից, որ զրկվել են բանտերում ունեցած գերակա դիրքերից: