Սերժ Սարգսյանի բացահայտվող հենարանները

ԱԺ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների միջև ձեռք բերված համաձայնությունն՝ առաջիկա քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ (այդ համաձայնության մասին պաշտոնապես չի հայտարարվել, սակայն այդ ուժերի ներկայացուցիչներից որևէ մեկը չի հերքել դրա վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունները), առաջին իսկ պահից բացահայտել է ոչ միայն ընդդիմադիր և այդպիսին ներկայացող ուժերի իրական դասավորությունը, այլև իշխանության համար ընթացող պայքարի պատճառահետևանքային կապերն ու այն, թե այդ ուժերից որն ում առանցքի շուրջ է «պտտվում»: Մի կողմ թողնելով այդ չորս ուժերի տարբեր ներկայացուցիչների տարբեր մեկնաբանություններն ու ձևակերպումները, այս պահին կարելի է արձանագրել հետևյալը. ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են ԱԺ-ում բարձրացնել կառավարության անվստահության հարցը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»՝ յուրաքանչյուրն իր դրդապատճառներով՝ գոնե առայժմ դեմ է դրան: Մեկը փուլային իշխանափոխություն է ցանկանում, մյուսը՝ փաթեթային կամ համակարգային, բայց դրանից խնդրի էությունն առանձնապես չի փոխվում:

«Ժառանգության» համար, թվում է՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում որևէ խնդիր չպետք է լիներ, նրա ներկայացուցիչները հրապարակավ միշտ էլ քննադատել են կառավարությանն ու Տիգրան Սարգսյանին, վերջինիս հետ ստվերային կապ էլ կարծես թե չունեն՝ կառավարելիության իմաստով: Ուրեմն ինչո՞ւ է, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» եթե ոչ՝ մերժում, ապա՝ գոնե վերապահմամբ հանդես գալիս կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի առնչությամբ: Ամենայն հավանականությամբ՝ այն պատճառով, որ այս նախաձեռնությունը համարում են քոչարյանական «խաղ», ինչն էլ նրանց հետ է պահում այդ նախաձեռնությանը միանալուց: Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում կառավարությանն իմպիչմենթ հայտնելու հարցի ներկայացումը տեղավորվում է միայն Քոչարյանի վերջին ակտիվության տրամաբանության շրջանակներում: Հենց դրանով պետք է բացատրել ԲՀԿ-ի ներգրավվածությունն այս գործընթացում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հայտարարությամբ վերահաստատեց, որ ընդդիմություն չէ և չի կարող լինել: Սակայն այդ հայտարարությունից հետո ԲՀԿ-ի համաձայնությունն իմպիչմենթի նախաձեռնությանը նշանակում է, որ Ծառուկյանն իր դիրքորոշման, ընդդիմություն չդառնալու դիմաց՝ փոխհատուցում է պահանջում եթե ոչ՝ վարչապետի, ապա՝ կառավարությանը ներգրավվածության տեսքով: Ընդ որում, նրա հայտարարությունը, որ ինքն է լինելու ԲՀԿ-ի «հավերժ» նախագահը, այսինքն՝ Քոչարյանը չի կարող դառնալ ԲՀԿ ղեկավար, ցույց է տալիս, որ գոնե այս փուլում Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը բավարարում է ինչպես՝ ԲՀԿ-ին, այնպես էլ՝ Քոչարյանին: Այսինքն՝ ներկայումս հարցը դրված չէ Տ. Սարգսյանին Քոչարյանով կամ նույնիսկ Ծառուկյանով փոխարինելու մեջ, և նրանք կհամաձայնվեն նաև «միջանկյալ» որևէ ֆիգուրի թեկնածությանը՝ բնականաբար, նաև ԲՀԿ-ին կառավարություն վերադարձնելու պայմանով: Կտանի՞ իր հետ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին, թե՞ ոչ, արդեն տեխնիկական խնդիր է, քանի որ ՀԱԿ-ը վաղուց է վերածվել ԲՀԿ-ի ծրագրերի քարոզչական ֆոնն ապահովող զանգվածի: Իսկ քարոզչությամբ զբաղվողներին միշտ չէ, որ նախարարի պաշտոն են տալիս:

Այս պայմաններում, իհարկե, ամենազարմանալին ՀՅԴ-ի վարքագիծն է: Թվում է, որ քոչարյանական որևէ նախաձեռնության մեջ Դաշնակցությունը պետք է որ առաջամարտիկի դերում լինի: Սակայն ՀՅԴ-ն, ըստ ամենայնի, գործում է մաքսիմում և մինիմում սցենարներով: Այսինքն՝ եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ Քոչարյանի վերադարձն ավելի առարկայական դառնա, ՀՅԴ-ն կխաղա ավելի բաց խաղաքարտերով: Սակայն մինչ այդ ՀՅԴ-ն չի ցանկանում հարաբերությունները փչացնել իշխանության հետ, որի հետ վերջին տարիներին բավականաչափ ինտեգրվել է: Ինչպես վարչապետի պաշտոնանկության նախաձեռնությունը, այնպես էլ Քոչարյանի վերադարձն, ընդհանուր առմամբ, կարող է տապալվել, և դա հաշվի առնելով՝ դաշնակցականները, թերևս, չեն ուզում վտանգի տակ դնել ունեցածը (դիվանագիտական պաշտոններ, երևացող ու չերևացող բիզնեսներ, և այլն):

Կկարողանա՞ն արդյոք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առաջիկայում համոզել դաշնակցականներին ու «Ժառանգությանը»՝ միանալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, դժվար է ասել: Ակնհայտ է, որ, եթե դա տեղի չունեցավ, նրանց նախաձեռնությունը տապալվելու է: Ինչպես որ տապալվելու է, եթե բոլոր չորս ոչ իշխանական ուժերն էլ միանան դրան (անգամ՝ եթե գործող կառավարությունը պաշտոնանկ արվի, հաստատ դա տեղի չի ունենա ոչ իշխանական ուժերի պահանջով): Բայց բացառված չէ, որ ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին այս փուլում ձեռնտու է հենց այդ՝ ՀՅԴ-ի ու Դաշնակցության չմիանալը: Դա հնարավորություն կտա դաշնակցականներին ու «Ժառանգությանը» ներկայացնել՝ որպես իշխանությանը «ծախվածներ», և հասարակությանը ցույց տալ, որ բոլոր դժբախտությունների մեղավոր Տիգրան Սարգսյանի կառավարության փոփոխությանը կողմ են միայն երկու ուժեր՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը:

Ոչ կառավարությանն անվստահություն հայտնելու, ոչ էլ որևէ այլ հարց ներկայիս Ազգային ժողովում չի լուծվելու, նույնիսկ՝ եթե ոչ իշխանական ուժերն ամեն քառօրյայի որևէ նման նախաձեռնությամբ հանդես գան: Եթե նման նախաձեռնությունների հեղինակների կամ նրանց «քաղաքական հայրերի» հույսն այն է, որ անհրաժեշտ պահին կկարողանան ՀՀԿ-ից անհրաժեշտ թվով պատգամավորներ «հավաքագրել», ապա, վստահաբար, իշխանությունն էլ առնվազն նույնքան թվով պատգամավորների կտանի գոնե ԲՀԿ-ից: Այնպես որ, ոչ իշխանական ուժերն իրենց հերթական նախաձեռնությամբ ընդամենը հերթական անգամ ապացուցում են, որ բոլոր հարցերը կարող են լուծվել միայն խորհրդարանից դուրս՝ հրապարակում՝ ոչ թե պատգամավորական ստորագրությունների կամ քվեարկությունների, այլ հասարակական լայն աջակցության միջոցով: Սակայն դա նշանակում է խաղի այլ կանոններ, որոնք բացառում են իշխանության հետ առևտուրը: Իսկ ոչ իշխանական բոլոր ուժերն էլ գոնե այս պահին տարբեր դրսևորումներով հենց դրանով են զբաղված՝ իշխանության հետ առևտրով: Մի մասը՝ գործող, մյուսները՝ նախկին իշխանության:

«Բոլորին թվում է, որ, եթե ընդդիմությունն ինչ-որ բան է ասում, վաղն էլ պետք է տեսնեն արդյունքները, իրականությունն այդպես չի, քանի որ ղեկը հանձնված է իշխանությանը: Ինչը նշանակում է, որ պրոցեսները ղեկավարում և իրականացնում է իշխանությունը: Ընդդիմությունը չի կարող իր  ակտիվությամբ փոխարինել իշխանությանը, քանի դեռ ինքը չի եկել իշխանության, հնարավոր չի: Դա կարող է տեղի ունենալ մի պարագայում, երբ վաղն ընդդիմությունը գա իշխանության»,- «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ուշադրություն դարձրեք «պրոցեսները ղեկավարում և իրականացնում է իշխանությունը» արտահայտությանը, որը ներկայիս իրավիճակի ամենաբնորոշ ախտորոշումն է կամ ինքնախտորոշումը: Իսկ երբ ընդդիմությունը սկսում է գործել վերը նշված սկզբունքով, ապա նա ակամայից դառնում է իշխանության ամենաառանցքային հենարանը:

Տեսանյութեր

Լրահոս