Մերկելն Էրդողանին կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը

Asbarez պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիմանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին` կապված Հայոց ցեղասպանության եղելության հերքման շարունակման հետ և թուրք առաջնորդին կոչ է արել առերեսվել սեփական պատմության հետ: Այս մասին հինգշաբթի հայտնել է Hurriyet թերթի թուրքական տարբերակը:

Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում, Մերկելին ու նրա գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությանը զգուշացրել է առավել զգուշավորություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության առաջիկա 100-րդ տարելիցի հարցում:

Ի պատասխան` Մերկելը թուրք առաջնորդին հայտնել է, որ Գերմանիան դեմոկրատական երկիր է, և որ նրա կառավարությունը չի կարող միջամտել նման հարցերի լուծմանը: Մերկելի խոսքերով` Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ. «Մենք չենք կարող հայաստանբնակ հայերին համեմատել այն հայերի հետ, որոնք բռնի կերպ ցրվել են համայն աշխարհում»:

Մերկելն ընդգծել է, որ Հայաստանում ապրող հայերը գտնվում են ավելի ծանր պայմաններում և Էրդողանին կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը: Էրդողանը սակայն շարունակել է հերքել ցեղասպանության եղելությունը և ընդգծել է, որ թուրքական արխիվները բաց են համայն աշխարհի առջև: Էրդողանը Մերկելին կոչ է արել անարդար դիրքորոշում չորդեգրել իրենց հանդեպ և չհարկադրել ընդունել այն, ինչն իրենք «չեն իրագործել»:

Տեսանյութեր

Լրահոս