Բաժիններ՝

Գազը կարող էր 62 դոլարով էժան լինել

Երեկ և այսօր ԱԺ-ում քննարկվում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. տարեկան ծրագիրը: Սա այն հանձնաժողովն է, որը սահմանում է գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագները, և այդ պատճառով՝  երկու օր տևած քննարկման հիմնական թեման ոչ թե ծրագիրն էր, այլ գազի և էլեկտրաէներգիայի աննախադեպ բարձր սակագինը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղղվող ամենահիմնական հարցն այն է, թե ինչու է գազը սահմանին 189 դոլար, իսկ մանրածախ վաճառքում՝ կրկնակի թանկ, և արդյո՞ք հնարավոր չէր, որ հանձնաժողովը սահմաներ գազի և էլեկտրաէներգիայի ավելի ցածր սակագին:

Ռոբերտ Նազարյանն ասում է, որ 1000 խմ-ն 380 դոլարին համարժեք դրամով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազ է վաճառում միայն ամսական 10 հազար խորանարդից պակաս սպառում ունեցող բաժանորդներին, հիմնականում՝ բնակչությանը, իսկ ամսական 10 հազարից ավելի  սպառում ունեցողները գազը գնում են 277 դոլարով: Ըստ Նազարյանի՝ Հայաստանում սպառվող գազի 65 տոկոսը սպառում են հենց այն բաժանորդները, ովքեր սպառում են 10 հազար խմ-ից ավելի գազ: ՀԾԿՀ նախագահը բացատրում է, որ  գազի գինը փոքր ծավալ սպառողների համար ավելի բարձր է, քան մեծ սպառում ունեցողների համար, որովհետև «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի 65 տոկոսը կատարվում է հենց փոքր սպառողների գազամատակարարման համար:
Նազարյանը հնարավոր է համարում գազի գնի իջեցումը, բայց միայն մի դեպքում, եթե պետությունը հրաժարվի գազի վաճառքի վրա ավելացված արժեքի հարկ կիրառել: 380 դոլարի մեջ 62 դոլարն ավելացված արժեքի հարկն է, և, եթե պետությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար հարկային արտոնություն սահմանի ավելացված արժեքի մասով, ապա գազը կվաճառվի 318 դոլարով և համարյա  կվերադառնա հին գնին: Բայց Նազարյանը քիչ հավանական է համարում նման արտոնության սահմանումը, քանի որ «Գազպրոմ Արմենիան» ամենախոշոր հարկատուն է և ավելացված արժեքի հարկի մասով վճարում է տարեկան 36 միլիարդ դրամ: Սա Հայաստանի բյուջեի եկամտային մասի մոտ 3 տոկոսն է: Այնպես որ, գազի գնի նվազեցում դժվար է ակնկալել:
Նազարյանն ասում է, որ 380 դոլարն այնքան էլ բարձր գին չէ, եթե նկատի ունենանք, որ, օրինակ, Շվեդիայում այն համարժեք է 1504 դոլարին, Իտալիայում՝ 1029 դոլարին, Գերմանիայում՝ 851 դոլարին: Նա հերթով թվարկեց այն երկրների ցանկը, որտեղ գազն  ավելի թանկ է, քան Հայաստանում: Ի պատասխան՝ հրապարակվեց այն երկրների ցանկը, որոնք Ռուսաստանից գազ են գնում, բայց այն անհամեմատ ավելի էժան է, քան Հայաստանում: Օրինակ՝ Ուկրաինայում բնակչությանը մատակարարվող գազը 126 դոլար է՝ հազար խորանարդի դիմաց, Բելառուսում՝ 84 դոլար:
Բայց հարցը գազի անվանական արժեքը չէ, այլ հայ սպառողների գնողունակությունը: Հնարավոր է, որ գազը Շվեդիայում չորս անգամ ավելի թանկ է, քան Հայաստանում, կամ կրկնակի էժան, քան Գերմանիայում: Բայց այդ երկրներում միջին ամսական աշխատավարձը 10 և ավելի անգամ բարձր է Հայաստանի ցուցանիշից: Հայաստանն ապրում է աղքատի հոգեբանությամբ, ով ուզում է ամեն ինչ գնել հնարավորինս էժան: Դրա պատճառն այն է, որ Հայաստանում այլևս որևէ մեկը չի հավատում, որ կարելի է ունենալ եվրոպականին համադրելի եկամուտներ, բոլորը մտածում են ռուսականին կամ բելառուսականին համադրելի գներ ունենալու մասին: Եվ անիմաստ է պատգամավորների այն բողոքը, թե ինչու Եվրոպա վաճառվող գազի կալորիականությունը 9300կկ է, իսկ Հայաստանին վաճառվողը՝ 7900: Շուկայում աղքատ գնորդներին միշտ բաժին է հասնում ամենաանորակը:
Մի նորություն ևս. ըստ Ռոբերտ Նազարյանի՝ այս տարի կվերանայվի ջրի սակագինը՝ էլեկտրաէներգիայի թանկացման, ինֆլյացիայի և դրամ-եվրո հարաբերակցության փոփոխության պատճառով: Ռոբերտ Նազարյանը հուսադրում է, որ թանկացումն առանձնապես շատ չի լինի՝ 1-2 դրամ՝ ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար: Իսկապես լավ առիթ է ուրախանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս