Լյուդմիլա Սարգսյան. Շարմազանովը սառը ջուր կխմի, որ իր ներսի պառերը հանգցնի
Երեկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քաղաքական այն ուժերին, ովքեր պահանջում են վաչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, խորհուրդ տվեց սառը ջուր խմել: 168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով Շարմազանովի այս հորդորին, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե ՀԱԿ-ը կարիք չունի սառը ջուր խմելու, քանի որ ՀԱԿ-ի համար իշխանափոխությունը առաջնային խնդիր է:
«Մենք բացարձակ սառելու ցանկություն չունենք: Կարծում եմ, որ ոչ միայն մենք պիտի տաք մնանք, այլև՝ տաքացնենք հասարակությանը ու հավանաբար դրանից հետո արդեն Շարմազանովը սառը ջուր կխմի, որ իր ներսի պառերը հանգցնի ու հասկանա՝ ոչ մի բան հավերժ չէ այս կյանքում»,- նշեց նա:
Լ. Սարգսյանը Շարմազանովին հորդորեց զգուշավոր արտահայտվել՝ շեշտելով. «Շարմազանովն էլ շատ լավ հասկանում է, որ նման վարչապետ ունենալը խայտառակություն է այս երկրի համար և այս ձախողումների շարքը, որ տարիներ շարունակ Տիգրան Սարգսյանը «ապահովել» է, հիմք են նրա հրաժարականի պահանջը ներկայացնելու»:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ իշխող Հանրապետականը չցանկանալով է «պահպանում» Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում: «Եթե վարչապետը կամովին չի ցանկանում հրաժարական տալ ու ՀՀԿ մեծամասնությունն էլ ցանկանալով հանդերձ, որ վարչապետը հրաժարական տա, այնուամենայնիվ պահպանում է նրան, դա դեռ չի նշանակում, որ մինչև վերջ պահպանելու են:
Վերջիվերջո, ՀՀԿ խմբակցությունում էլ գիտակից, գրագետ, հայրենասեր մարդիկ կան և նրանք էլ են հասկանում, որ բոլոր այն ձախողումները, որոնք այսօր ապահովել է վարչապետը, ուղիղ անդրադառնալու է ՀՀԿ բոլոր ներկայացուցիչների վրա. հետագայում իրենք էլ պատասխանատվություն են կրելու նրա համար, որ աջակցել ու պահել են նման կարգի վարչապետին ու Կառավարությանը: Վստահ եմ, որ գալու է այդ պահը ու այդ նույն Շարմազանովը լրիվ այլ կերպ է արտահայտվելու, մոռանալու է, որ խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել ու պարտվելու է սառը քրտինքով»,- շեշտեց Սարգսյանը: