ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ժակ Ֆոր՝ Ֆրանսիա և Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը փետրվարի 4-5-ին այցելել են Բաքու և Երևան:
Համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկու երկրների մայրաքաղաքներում նրանք խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ:
Նախագահների հետ համանախագահները քննարկել են ոչ վաղ անցյալում Փարիզում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման արդյունքները, ինչպես նաև ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: Նրանք ընդգծել են բանակցություններն ամենաբարձ մակարդակով շարունակելու անհրաժեշտությունը, ինչի մասին համաձայնեցվել է Վիեննայում:
Բանակցությունների ընթացքում համանախագահները հաստատել են իրենց խորին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի էսկալացիայի կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ են արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:
Կողմերը հայտարարել են, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմը և խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին: Համանախագահները շարունակելու են բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման շրջանակներում առաջիկա շաբաթներին խորհրդակցություններ անցկացնել կողմերի հետ»: