ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու մասին բուխարեստյան որոշումը մնում է ուժի մեջ. Ռասմուսեն

Грузия Online-ի փոխանցմամբ՝  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մտահոգություն է հայտնել այսպես կոչված սահմանային գոտին ժամանակավորապես դեպի Վրաստանի տարածքի խորք ընդլայնելու համար:

Խոսքը գնում է Աբխազիայի սահմանային գոտու ընդլայնման մասին, ինչն իրականացվել է առանց Վրաստանի կառավարության համաձայնության և (ռուսական կողմի պարզաբանմամբ) կապված է Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հետ:

Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Ռուսաստանին կոչ է անում կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները: Ռասմուսենը հավելել է, որ դա խոչընդոտում է բնակչության ազատ տեղաշարժին ու կյանքին՝ ընդգծելով, որ 21-րդ դարում ժամանակը չէ արգելապատնեշներ կառուցելու համար:

Ռասմուսենը հիշեցրել է, որ 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում որոշվել է, որ անհրաժեշտ չափորոշիչների պահպանման դեպքում Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ ընդգծելով, որ այդ որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ. «ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը որոշում են ՆԱՏՕ-ն և այն երկիրը, որը ցանկանում է անդամակցել դաշինքին, և ոչ թե երրորդ կողմն է կայացնում նման որոշում»:

Տեսանյութեր

Լրահոս