Միթ Ռոմնին չի առաջադրվի 2016 թվականի նախագահական ընտրություններում
Ամերիկյան CNN հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի քաղաքական գործիչ, 2012 թվականի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի գլխավոր մրցակից Միթ Ռոմնին հայտարարել է, որ մտադիր չէ սեփական թեկնածությունն առաջադրել 2016 թվականի նախագահական ընտրություններում:
Դրանով իսկ նա հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունները, թե Ռոմնին վերստին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում. «Իմ պատասխանն է՝ ոչ: Ես չեմ առաջադրվելու 2016 թվականի նախագահական ընտրություններում:
Ժամանակն է, որպեսզի մեկ ուրիշը ստանձնի նման պատասխանատվություն, իսկ ես կաջակցեմ մեր թեկնածուին: Ես այդ մասին որոշում եմ ընդունել 2012 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակվելուց հետո: Ես բացարձակապես համոզված եմ, որ կան այլ մարդիկ, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ դառնալու նախագահի թեկնածու և ԱՄՆ-ի հաջորդ նախագահ:
Ես ունեցել եմ նման հնարավորություն, ձեռնարկել եմ երկու լավ փորձ, սակայն չեմ հաղթել: Այժմ եկել է ժամանակը, որպեսզի նման փորձ ձեռնարկի մեկ ուրիշը: Ես դա հստակ հասկացնել տվեցի վերջին պարտության հաջորդ առավոտյան իսկ»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նույնպես հրաժարվել է մասնակցել 2016 թվականի նախագահական մրցավազքին: