Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսն անհանգստացած են սեփական ավիակիր ունենալու Թուրքիայի պլանից
Թուրքական Milliyet թերթը, վկայակոչելով Իսրայելի խոշորագույն Jerusalem Post թերթը, հայտնում է, որ Իսրայելն անհանգստացած է սեփական ավիակիր կառուցելու Թուրքիայի պլանի կապակցությամբ: Նշվում է, որ նախորդ ամիս Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն MILGEM («Ազգային նավ») նախագծի շրջանակներում անցկացրել է ավիակրի կառուցման մրցույթը, որի արդյունքներով հաղթել է «Սեդեֆ Դենիզջիլիք» կազմակերպությունը:
Իսրայելական թերթը գրում է, որ այս ամենը մեծ մտահոգություն է առաջացրել Իսրայելում, ինչպես նաև Հունաստանում ու (Հարավային) Կիպրոսում, քանի որ դա խառնում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգետիկ ու անվտանգության ոլորտի բոլոր հաշիվները:
Ավիակիրը Միջերկրական ծովի արևելյան հատվածում ուժերի հավասարակշռությունը կփոխի Թուրքիայի օգտին: Թուրքիան այդ բազմանպատակ նավի շնորհիվ մեծ առավելություններ կստանա տվյալ շրջանում:
Բացի այդ, ավելի վաղ Իսրայելը պլանավորել է իր բնական գազը Կիպրոսի միջոցով ուղղել դեպի Հունաստան ու Եվրոպա՝ շրջանցելով Թուրքիայի տարածքը: Չնայած դրան՝ չի բացառվում, որ Իսրայելից Թուրքիա անցկացվի ստորջրյա խողովակաշար: Ավիակիրը նույնպես կարող է ազդեցությունն ունենալ այս հարցում:
Պլանավորված է, որ թուրքական առաջին ավիակրի երկարությունը կազմելու է 200 մետր, լայնությունը՝ 34 մետր, ջրատարողությունը՝ 25.000 տոննա, արագությունը՝ 16 հանգույց, նավարկության հեռահարությունը՝ 7000 ծովային մղոն, անձնակազմը՝ 1070 մարդ, առանց մատակարարման ծովում մնալու ժամկետը՝ 21 օր:
Ավիակրի վրա կարող է տեղակայվել 150 ավիամիջոց, նախագիծը գնահատվում է մինչև 1 միլիարդ դոլար: Դրանում կարող են տեղակայվել ԱՄՆ-ից ստացվելիք F-35 տիպի 100 կործանիչներն ու բրիտանական Harrier ինքնաթիռները (ուղղահայաց վայրէջքով):
Հիշեցնենք, որ 2012 թվականին թուրքական Takvim օրաթերթին տված հարցազրույցում անվտանգության և ռազմական հարցերով ամերիկացի հայտնի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը հայտարարել էր, որ Թուրքիան տարածաշրջանային ուժ դառնալու համար կարևոր քայլեր է ձեռնարկել ռազմական ոլորտում, սակայն տվյալ ոլորտում Թուրքիայի համար միակ թերի կողմն այն է, որ նա ցայժմ չունի ավիակիր: