Մերկելն Էրդողանին հայտնել է, որ չի փոխել իր դիրքորոշումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում

Euronews-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը, որի շուրջ բանակցությունները Բրյուսելի ու Անկարայի միջև մեկնարկել են 2005 թվականին:

Հանդիպման ժամանակ Մերկելը հայտարարել է, որ այդ գործընթացի վերջնական արդյունքը դեռ մնում է անորոշ: Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ առաջին հերթին «ոչ թե Թուրքիային է անհրաժեշտ ԵՄ-ը», այլ՝ ընդհակառակը՝ «Թուրքիան է անհրաժեշտ միացյալ Եվրոպային».

«Մենք հուսով ենք, որ Գերմանիան ամբողջովին կաջակցի մեզ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Մենք կցանկանայինք, որ Գերմանիան ավելի շատ բան աներ տվյալ ուղղությամբ, քան նախկինում է արել: Ցայսօր դա եղել է ոչ բավականաչափ»: Էրդողանը Մերկելին վստահեցրել է, որ Թուրքիան շարունակում է ընթանալ բարեփոխումների ճանապարհով:

Մերկելի խոսքերով՝ ներկայումս Գերմանիայում բնակվում է մոտ 3 միլիոն թուրք. Նա ընդգծել է, որ իր դիրքորոշումը չի փոխվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, և որ ինքը շարունակում է թերահավատորեն նայել այդ գործընթացի վերջնական արդյունքին:

Նշվում է, որ Բրանդենբուրգյան դարպասների մոտ կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Էրդողանի գալստյան:

Հիշեցնենք, որ Գերմանիան Թուրքիային ԵՄ-ին լիիրավ անդամակցության փոխարեն առաջարկում էր վերացական մի բան՝ «արտոնյալ գործընկերություն», որի հեղինակը որոշակի տվյալներով հենց Անգելա Մերկելն է: Սակայն Էրդողանը դա համարում է վիրավորական՝ ընդգծելով, որ Թուրքիան արդեն իսկ արտոնյալ հարաբերությունների մեջ է ԵՄ-ի հետ:

Տեսանյութեր

Լրահոս