Բաժիններ՝

Քաղաքապետարանի պարզաբանումը՝ 168.am-ի հրապարակման առնչությամբ

168.am-ը «Կանաչապատո՞ւմ, թե՞ դրամաշորթության նոր միջոց» հրապարակման մեջ անդրադարձել էր մի շարք տնտեսվարողների բողոքին, որ քաղաքապետարանն անհիմն կերպով տուգանքի է ենթարկել նրանց` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156 հոդվածի 2-րդ մասով, սակայն ո՛չ արձանագրություններում, ո՛չ քաղաքապետի որոշման մեջ, և ո՛չ այլ փաստաթղթերի մեջ հստակ չի նշվում, թե հասցեի որ հատվածն է գտնվում հայցվորի տիրապետման տակ, որ մասում և ինչ աշխատանքներ չեն իրականացվել: Արձանագրությունում միայն նշված է, որ հարակից սիզամարգը կանաչապատված և բարեկարգված չէ, իսկ քաղաքապետի որոշման մեջ հայցվորին առաջարկվում է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները վերացնելու ուղղությամբ` առանց հաշվի առնելու, որ կանաչապատումը չիրականացնելու էական պատճառներից մեկը նշված տարածքում ոռոգման ջրի բացակայությունն է:

Խնդրի վերաբերյալ մենք պարզաբանում էինք խնդրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հարցում անելով նաև, թե ո՞ր դեպքում բարեկարգումը քաղաքապետարանի կողմից կարող է դիտվել բավարար, եթե չկա ոչ մի համապատասխան նորմ կամ չափորոշիչ, բացակայում է տարածքի տիրապետման գծագիրը:

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» 02.12.2009թ. N48-Ն որոշմամբ սահմանված են բարեկարգման այն նորմերն ու կանոնները, որոնց պահպանումը պարտադիր է անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից։ Ըստ այդմ՝ բարեկարգման կանոններն ու պարտադիր նորմերն իրենց մեջ ներառում են «Սեփականության իրավունքով Ձեզ պատկանող կամ Ձեր տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի (այսուհետ՝ Գույք) արտաքին մասի պատշաճ վիճակի պահպանում։

Գույքին հարակից ընդհանուր օգտագործման տարածքի մաքրում, մաքրության պահպանում, բարեկարգում, կանաչապատում։

Գույքի մուտքի համար արտաքին լուսավորության ապահովում։

Գույքին հարակից մայթերի բարեկարգում»։

Ըստ քաղաքապետարանից ստացված պատասխանի՝ ավագանու որոշման պահանջները կատարելու նպատակով Երևանի քաղաքապետարանը վարչական շրջանների աշխատակազմերի միջոցով Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին կամ տիրապետողներին տրամադրում է անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման սխեմա, որը հաստատված է գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի և այն վարչական շրջանի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով, որի սահմաններում գտնվում է գույքը։ Սխեմայում հստակ նշվում է ընդհանուր օգտագործման տարածքի այն հատվածը, որը հարակից է համարվում տվյալ գույքին և ենթակա է բարեկարգման գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից։ Սխեմայի հետ, սեփականատիրոջը կամ տիրապետողին տրամադրվում է նախազգուշացման թերթիկ, որում, պարտադիր նորմերից ու կանոններից զատ, հաշվի առնելով տվյալ գույքի հարակից տարածքի առանձնահատկությունները՝ նշվում են այն աշխատանքները, որոնք բնորոշ են տվյալ օբյեկտի համար։

«Քաղաքապետարանի կողմից պահանջվող բարեկարգման աշխատանքները հիմնականում իրենցից ներկայացնում են մեխանիկական դեֆեկտների վերացման, աստիճանավանդակի, արտաքին նորմալ տեսքի, արտաքին լուսավորության ապահովման պահանջ, հարակից տարածքի մաքրության ապահովում։ Վերը նշված աշխատանքների համար սեփականատիրոջը կամ տիրապետողին երբևէ չի պարտադրվում օգտագործվող նյութի տեսակ, հետևաբար՝ նշված պահանջների կատարումը չի առաջացնում ֆինանսական մեծ ծախսեր»,- նշված է մեզ տրամադրված պարզաբանման մեջ:

Աշխատակազմի Բնապահպանության վարչությունից տեղեկացրին, որ անշարժ գույքի և դրա հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր օբյեկտի համար կազմված են հատկացված տարածքների սահմանազատված գծապատկերներ, որոնք տրամադրվում են անշարժ գույքի սեփականատերերին:

«Ինչ վերաբերում է պահանջվող կանաչապատման աշխատանքների ցանկին, ապա կանաչապատման ընկերությունների աշխատակիցները պատրաստակամ են ցուցաբերել մասնագիտական աջակցություն: Նույնիսկ որոշ տարածքներում ոռոգման ջրի բացակայության պայմաններում հնարավոր է առաջարկել չորադիմացկուն բույսերի և տնկիների համապատասխան տեսականի»,- հավելեցին քաղաքապետարանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս