Թուրքիայում սկսել են հետաքննել Ֆեթհուլլահ Գյուլենի «զուգահեռ» պետության գոյությունը. Reuters
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում հետաքննություն է սկսվել գոյություն ունեցող «զուգահեռ» (խորքային) պետության դեմ, որը ծառայում է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի շահերին: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա աղբյուրները:
Աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ հետաքննության նպատակը հանդիսանում է այն բանի պարզումը, թե Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») շարժումը որչափ է վերահսկում պետական հիմնարկները և այն բանի բացահայտումը, թե նրանք ինչպիսի ապօրինի կառույց են ստեղծել պետության մեջ:
Երկրորդ աղբյուրը հայտնել է, որ երկու գործը սկսել են Ստամբուլի ու Ադանայի դատախազները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Ստամբուլի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պետության մեջ նման կառույցի առկայությունն իրենց համար դարձել է գոյատևման հարց:
Էրդողանն ընդգծել էր, որ իրենք չեն կարող թույլ տալ նման բան և դրա համար կանեն ամեն անհրաժեշտ բան: Էրդողանը զերծ էր մնացել հետագա մեկնաբանություններից:
Գյուլենի համակիրներին պետական ապարատում մեղադրում են Թուրքիայի գործող իշխանությունների դեմ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին իրականացված հակակոռուպցիոն գործողությանը մասնակցելու մեջ: