Թուրքիայում առկա ճգնաժամի հետևում կանգնած է ԱՄՆ-ը. քուրդ առաջնորդ

Թուրքական Vatan թերթին տված հարցազրույցի ժամանակ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) դեմ կազմակերպված դավադրության (նախորդ տարվա դեկտեմբերին ձեռնարկված հակակոռուպցիոն հետաքննության) հետևում կանգնած է ԱՄՆ-ը՝ նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանին.

«Ինչո՞ւ այդ հարցը բարձրացվեց ընտրությունների շեմին: Ակնհայտ է, որ նրանք ցանկանում են ազդել դրանց արդյունքների վրա: Մի կողմից ԱԶԿ-ում օրենսդիր գյուլենականները հարկադրված եղան հրաժարական տալ, իսկ մյուս կողմից (հիմնական ընդդիմադիր) «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) աջակցություն է ստանում նրա համար, որպեսզի ԱԶԿ-ը չհասնի ցանկալի արդյունքի:

Այդ ամենի իրական նպատակը զբաղեցրած պաշտոնից վարչապետ Էրդողանին հեռացնելն է և «առանց Էրդողանի ԱԶԿ» ստեղծելը: Ո՞վ է իրականացնում օպերացիան: Գյուլենի շարժումը: Ո՞վ է կանգնած դրա հետևում: ԱՄՆ-ը: ԱԶԿ-ին հարված է հասցվել նրա թույլ տեղից:

ԱԶԿ-ն իրեն ներկայացրել է որպես կոռուպցիայի դեմ պայքար մղող իշխանություն, ինչի համար էլ օպերացիան սկսվեց հենց դրանից: Կա՞ կոռուպցիա ու կաշառակերություն: Այո՛, կա: Ջեմաաթը (Գյուլենի շարժումը) փորձում է հեղաշրջում իրականացնել»:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ օգոստոսին՝ նախագահական ընտրություններ, որոնցում ժողովուրդն առաջին անգամ կընտրի երկրի նախագահին (մինչ այս Թուրքիայի նախագահին ընտրել է երկրի խորհրդարանը): Հաջորդ տարի էլ Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս