Կզտվեն և Հայաստան կգան հնդկական լավագույն դեղագործական ընկերությունները
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/samvel-zaqaryan.png)
«Մենք ուզում ենք, որ Հայաստան գան, իրենց արտադրանքն ու փորձը բերեն լավագույն որակ ունեցող հնդկական կազմակերպությունները, այլ ոչ թե տարօրինակ ու կասկածելի կազմակերպությունները, որոնց քանակը մի քիչ շատացել է վերջին տարիներին և մեր կասկածներն էլ են շատացել հնդկական կազմակերպությունների հանդեպ»,- այսօր հայ-հնդկական համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Ըստ նրա՝ Հնդկաստանը մեծ երկիր է և շատ խայտաբղետ ներկայացուցիչներ կան այնտեղ՝ ամենավատից մինչև ամենալավը, օրինակ՝ 2-3 կազմակերպություններ կան, որոնք աշխարհում համարվում են ամենալավերից մեկը՝ «Դոկտոր Ռեյդի», «Սիպլա», և կան շատ ոչ բարձր որակի տարատեսակ արտադրողներ. «Մեր նպատակը զտելն է ընկերություններին, հասկանալը, թե որն են այն լավ կազմակերպությունները, որոնց հետ մեր տեղական արտադրողները պետք է աշխատեն: Իրենք արտադրում են միջազգային որակի սարքավորումներ, բայց այդ լավ արտադրողների անվան տակ, այստեղ հայտնվում են նաև չափազանց անորակները»: