Վարորդը մեղադրվում է «Ծղոտներ» հյուրանոցի մոտ մարմնավաճառներին տաքսի ծառայություն մատուցելու մեջ
Տաքսու վարորդի՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով կայացված վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից: Ա. Հարությունյանն իրեն պատկանող մեքենայով զբաղվել է տաքսի ծառայություն մատուցելով: Ըստ նախաքննական մարմնի՝ նա կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և տաքսի ծառայություն մատուցել նաև համալիր այցելող մարմնավաճառների, այդ ընթացքում ծանոթացել նրանցից մի քանիսի հետ և փոխանակվել հեռախոսահամարներով:
«Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011 թվականից մինչև 2013թ փետրվար ամսվա վերջերը րնկած ժամանակահատվածում, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումները իր ծանոթ տղամարդկանց հետ, և յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց նրանցից որպես միջնորդավճար՝ 3.000-ական ՀՀ դրամ ստանալով, երկու և ավելի անձանց օգտագործելով, մպաստել է Ա. Հ.-ի և մյուսների պոռնկությամբ զբաղվելուն»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ: Նրան մեղադրանք է առաջդրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ):
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ա. Հարությունյանը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատավոր Արշակ Վարդանյանը ապացուցված է համարվել նրա մեղքը և դատապարտել 2 տարի 11 ամիս 27 օր ժամկետով: Այդ վճիռն այժմ բողոքարկվել է վերաքննիչ քչեական դատարան: Ա. Հարությունյանը պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով: