Armsport.am-ը չի մասնակցի Հայաստանի լավագույն մարզիկների քվեարկություններին
Այս մասին նշվում է Armsport.am-ի կայքում
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնվեցին Հայաստանի լավագույն մարզիկների քվեարկության հետ կապված իրարամերժ տեղեկություններ: Գալիք շաբաթ, հրապարակվելու են Հայաստանի լավագույն մարզիկների երկու տարբեր քվեարկությունների արդյունքներ:
Մարզական լրագրողների ֆեդերացիայի ցանկը
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, 1958 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարվա վերջում որոշում է Հայաստանի լավագույն տասը մարզիկների ցանկը: Վերջին տարիներին, ՀՄԼՖ-ի կողմից հրապարակվող քվեարկության արդյունքները դժգոհություն են առաջացնում մարզասեր հասարակության մոտ, քանի որ ֆուտբոլիստները չեն հայտնվում լավագույն տասնյակում:
Այս տարի, ՀՄԼՖ-ն հրապարակեց Հայաստանի 2013 թվականի լավագույն մարզիկի թեկնածուների ցանկը, որն առաջին անգամ կազմել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը: ՀՄԼՖ-ի նախագահ Յուրա Ալեքսանյանն armsport.am-ին հայտնել էր, որ ցանկը տրամադրել է սպորտի նախարարությունը եւ որ իրենք քվեարկությունն իրականացնելու են հենց այդ ցանկով: Դրանում նշված թեկնածուների թվում, ի դեպ, չկային ֆուտբոլիստներ…
Սպորտի նախարարության թեկնածուները
Օրերս, սպորտի նախարարություն այցլելեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով նախարար Յուրի Վարդանյանի հետ հանդիպմանը՝ պարզաբանման նպատակով մի քանի հարց է ուղղել լավագույն մարզիկների քվերակության վերաբերյալ: Այդ հանդիպման հաջորդ օրը, նախարարության մամուլի քարտուղարությունից armsport.am-ը տեղեկացավ, որ մշակվում է լավագույն մարզիկների ընտրության նոր ընթացակարգ, որի մասին շուտով կլինի ամփոփ տեղեկություն:
Ծավալուն տեղեկատվությունը հայտնվեց երեկ՝ դեկտեմբերի 13-ին: Նախարարության պաշտոնական կայքը հրապարակեց քվեարկության նոր ընթացակարգը, որի համաձայն, լրագրողներն են ընտրելու Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը:
Նախարարության թեկնածուների ցանկում են 57 մարզիկներ, որոնց մի մասը ներկայացնում են թիմային մարզաձեւերը, սակայն կա մի սահմանափակում. լրագրողն իր տարբերակում իրավունք չունի նշել 2-ից ավելի թիմային մարզաձեւի ներկայացուցչի: Սա առնվազն տարօրինակ որոշում է, որը սափամանափակում է քվեարկողի իրավունքները:
Մարզական արդյունքների չափորոշիչների գնահատման հետ կապված կան նաեւ մի շարք այլ անհասկանալի կետեր, որոնց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՄԼՖ-ն շարունակելու է իր քվեարկությունը
Թեեւ նախարարությունը սկսում է նոր քվեարկություն, սակայն Հայաստանի մարզական լրագրողները զուգահեռաբար շարունակում են իրենց հարցումները: Ստացվում է, որ գալիք շաբաթ երկու կառույցներ ներկայացնելու են երկու տարբեր քվեարկությունների արդյունքներ: ՀՄԼՖ-ի նախագահ Յուրա Ալեքսանյանը հայտնեց, որ եթե նույնիսկ քվեարկությանը մասնացեր 5 կամ 6 լրագրող, միեւնույն է՝ քվեարկությունն իրականացվելու էր եւ արդյունքները հրապարակվելու էին. «Մասնակցել է 22 լրագրող, իսկ նախարարությունը կարող է իր տասնյակը որոշել, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Եթե «Սեւան» կամ «Հայաստան» մարզական միությունները որոշում են իրենց լավագույն տասնյակը, ապա ինչու՞ սպորտի նախարարությունը իրավունք չունի որոշել նաեւ իր տարբերակը»:
Armsport.am-ը քվեարկությունների չի մասնակցում
Այս խճճված եւ անհասկանալի իրավիճակում, armsport.am-ի որեւէ թղթակից քվեարկությունների չի մասնակցել եւ չի էլ պատրաստվում այդ անել: Մեր կարծիքով, անընդունելի են քվեարկողների իրավունքների նման սահմանափակումները:
Մի կողմից, սպորտի նախարարությունը որոշում է թեկնածուների ցանկ (որտեղ չկան ֆուտբոլիստներ) եւ ներկայացնում ՀՄԼՖ, ապա հերքում է (նկատենք, որ ոչ պաշտոնական կայքով), որ այն իրենց կողմից է ներկայացվել: Այնուհետև, գերատեսչությունը կազմում են իր ցանկը եւ սկսում է նոր քվերակություն: Մյուս կողմից էլ, ՀՄԼՖ-ն արդեն իրականացրել է քվեարկություն՝ օգտագործելով նախարարության տրամադրած ցանկը…