ԱԺ-ն հաստատեց աղմուկ հանած օրինագծերը
Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանն այսօր ավարտվեց մի քանի նախագծերի քվեարկությամբ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենաթոշակների մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց ձայների 70 կողմ, 42 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ընդունվեց նաև երեկ խորհրդարանում մեծ աղմուկ բարձրացրած Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություներ կատարելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ՝ 74 կողմ, 28 դեմ և 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկության դրվեց նաև 2014 թվականի պետբյուջեի նախագիծը: Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը դեմ է քվեարկելու բյուջեին՝ նշելով, որ Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթը ևս մեկ անգամ ամրապնդեց իր որոշումը. «2014 թվականի պետբյուջեի դեմ քվեարկելու որոշումը ամրապնդվեց Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի ելույթը լսելուց հետո։ Նա վիճակագրություն բերեց ծայրահեղ աղքատության մասին և կես խոսք չասեց, որ այս վիճակը նաև ստեղծվել է իր Կառավարության շնորհիվ: Ես ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի մարտին տրված ասուլիսում, նա ասաց, որ կառավարությունը պետք է 7 տոկոս տնտեսական աճ ապահովի, իսկ եթե չապահովի, պետք է հրաժարական տա»,-եզրափակեց Փաշինյանը: Վարման կարգի վերաբերյալ խոսեց նաև անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը`նշելով, որ Կառավարությունն իր ուղարկած առաջարկներին դրական պատասխան է տվել, ուստի ինքը կողմ է քվեարկելու պետբյուջեին: Ինչպես տեղեկացրել էինք, պետբյուջեի օրենքի նախագիծըն ընդունվեց 70 կողմ, 40 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:



