Քաղաքապետարանը պնդում է, թե ձյունը մաքրում են, մինչդեռ փողոցներում նույն խայտառակ վիճակն է
Երեւանի քաղաքապետարանը հերթական հերթապահ հաղորդագրությունն է տարածել՝ պնդելով, որ Երեւանում ձյան մաքրման աշխատանքներն ընթանում են նաեւ չդադարող ձյան պայմաններում:
Ըստ քաղաքապետարանի պատասխանատուների, դեկտեմբերի 11-ի կեսօրին վերսկսված ձյան տեղումների հնարավոր հետեւանքները մեղմելու, ճանապարհները տրանսպորտային միջոցների համար բաց, իսկ հետիոտնի համար մաքուր պահելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման եւ կոմունալ տնտեսության ձեռնարկությունները, չդադարող ձյան պայմաններում, ողջ գիշեր կատարել են ձնամաքրման աշխատանքներ: Գործընթացը միաժամանակ ծավալվել է մի քանի ուղղություններով: Մաքրվել են գլխավոր ու երկրորդական փողոցները, բակային տարածքներն ու բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակները:
Նշվել է նաեւ, որ աշխատել են 128 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող եւ այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ, գիշերվա ընթացքում օգտագործվել է ավելի քան 310 տոննա աղ եւ շուրջ 640խ/մ ավազ։
Մինչդեռ առավոտյան աշխատանքի շտապող մեր լրագրողները վաղ առավոտյան Երեւանի փողոցներում ձյուն մաքրող որեւէ մեքենա այդպես էլ չեն տեսել, ինչպես նաեւ «տոննաներով» շաղ տված աղի եւ ավազի հետքերը, իսկ ճանապարհները թաղված են ձյան մեջ, մեքենաները դժվարությամբ են հաղթահարում ձյան եւ մերկասառույցի համադրությունը:



