«Թուրքիան մենակ չի թողնելու իր եղբորը՝ Ադրբեջանին». Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դեմ է ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում ցանկացած ձևով Թուրքիայի միջնորդությանը.

«Դրանից լավ հոտ չի գալիս»,-ասում է նա:

«Թուրքիան ինչո՞ւ պետք է մասնակցի այդ բանակցություներին, ավելին, էն էլ կողմ դառնա ամբողջական միջնորդական մակարդակով: Իհարկե, դա վտանգ կլինի Հայաստանի շահերին»,- հավաստիացրեց Ռուստամյանը:

Հարցին, թե արդյոք դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան հենց այս համատեքստում չէ՞, և արդյոք հերթական փորձը չէ՞ Թուրքիայի կողմից մխրճվելու ԼՂ հարցի կարգավորման դաշտ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Թուրքիան միշտ էլ ձգտում է մխրճվել և դա երբեք էլ նորություն չէ։

Թուրքիան միշտ էլ այդ հարցն իր օրակարգում ունեցել է, և ավելին, հայ-թուրքական արձանագրություններից հետո Թուրքիան սկսեց ավելի ակտիվացնել այդ միջնորդական ձևաչափ ձեռք բերելու ջանքերը։ Արդյունքն՝ ի՞նչ եղավ՝ սահմանը չբացվեց, իսկ Թուրքիայի հիմնական բացատրությունն այն էր, որ իմաստ չունի այս մի սահմանը բացվի, եթե մյուս սահմանը փակ է:

Այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան սահմանը և դա պետք է դիտվի մեկ ամբողջական փաթեթի մեջ։ Իսկ եթե միջազգային հանրությունն ուզում է տեսնել այստեղ համագործակցություն և փոխշահավետ տնտեսական տարածքի առաջացում, ապա պետք է ինքն էլ նպաստի, որ այդ երկու սահմանները միաժամանակ բացվեն։ Իսկ դա նշանակում է Ղարաբաղի հարցի լուծում ու սրանով նրանք նախապայման են դարձրել Ղարաբաղաի հակամարտության կարգավորումը»:

Նա նշեց, թե Թուրքիան չի հրաժարվելու ԼՂՀ կարգավորման հարցում միջնորդ դառնալու մտադրությունից, բայց շեշտեց, որ ինչպիսի ճանապարահային քարտեզ էլ առաջարկվի, ինչ մանիպուլացիներ էլ առաջարկվի Թուրքիայի կողմից, միևնույն է, դրանով ոչինչ չի փոխվելու: Պատճռը, ըստ ՀՅԴ պատգամավորի՝ «Թուրքիան մենակ չի թողնելու իր եղբորը՝ Ադրբեջանին»:

«Ես չեմ հասկանում, թե ինչ ձևեր պետք է գտնել, որպեսզի Թուրքիան հրաժարվի այս ամենից: Դա բացարձականապես անիմաստ է, որովհետև, ասում եմ՝ ռազամավարական թուրք-ադրբեջանական շահերը նույնն են»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս