Բաժիններ՝

Շիրակի մարզպետը ՀՀ-ում ՌԴ դեսպանին հասկացրել է, որ Գյումրուն աշխատատեղեր են պետք, ոչ թե 102-րդ ռազմաբազա

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր այցելել է Գյումրի՝ բավականին ծավալուն գրաֆիկով: Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, նա հանդիպել է նախ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, ապա Գյումրու քաղաքապետարան է այցելել, որից հետո 102-րդ ռազմաբազա, Գյումրու 8-րդ թաղամաս, ուր բնակվում են ռուս բարձրաստիճան զինծառայողների ընտանիքները, ապա Գյումրիում գործող ռուսական եկեղեցի, Պատվո բլրի տարածք եւ այլն:

Ֆելիքս Ցոլակյանը դեսպանին հակիրճ ներկայացրել է Գյումրու պատմությունը, թե մինչ 88-ի ավերիչ երկրաշարժն ինչպիսին է եղել քաղաքը եւ ինչպիսին է հիմա: Ապա նշել է, թե հայ-ռուսական համագործակցության շրջանակներում կարեւոր է, որպեսզի կոնկրետ Գյումրիում ռուսական կողմի ներկայությունը չսահմանափակվի միայն 102-րդ ռազմաբազայի տեսքով, մարզային, քաղաքային իշխանությունների եւ ազգաբնակչության համար առավել կարեւոր է, որ տնտեսական համագործակցության ռեալ քայլեր իրականացվեն:

Անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովին եւ Վ. Պուտինի այցելությանը՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, թե ամեն ինչ շատ հապճեպ տեղի ունեցավ եւ կոնկրետ իր համար անհասկանալի է մնացել այն, թե տնտեսական համագործակցության եւ հատկապես բիզնեսի, առեւտրային հարաբերությունների զարգացման ուղղությամբ ինչ կոնկրետ քայլեր են իրականացնելու: «Տալ արտադրանք, այն իրացնել դրսի շուկայում եւ ապահովել գործազուրկներին աշխատանքով՝ սրանք են մարզի կարեւոր խնդիրները: Ճիշտն ասած, մենք սպասելիքներ ունեինք, ՌԴ նախագահի հետ նաեւ մի խումբ գործարարներ էին եկել: Բայց ֆորումը, որը տեղի ունեցավ Դրամատիկական թատրոնում, ճիշտն ասած անհասկանալի ընթացք ունեցավ. մենք չհասցրեցինք հասկանալ անգամ, թե ինչպես սկսվեց ու վերջացավ: Ռուս գործարարները ինչ են անելու, առեւտրաարդյունաբերական ի՞նչ ծրագրեր կան»: Ֆելիքս Ցոլակյանը առանձնակի ընդգծեց, որ Գյումրին սոցիալական շատ խնդիրներ ունի եւ հայկական կողմը՝ ի դեմս մարզի եւ Գյումրու բնակչության, գործնական քայլեր են ակնկալում ռուսական կողմից աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ՝ հայտարարեց մարզպետն ու դեսպանին հարցրեց, թե ինչո՞վ է օգնելու ռուսական կողմը:

Քրիստինա Մկրտչյան

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս