Բաժիններ՝

Սամվել Կարապետյանը կնվիրաբերի ևս 2 մլն ԱՄՆ դոլար

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում։ Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2013»-ի ընթացքում հավաքված գումարը կուղղվի 116 կմ երկարության Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությանը։ Օրեր առաջ՝ նոյեմբերի 21-24-ը Ֆրանսիայում կայացավ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որն  արձանագրեց 1 միլիոն 460 հազար եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Ֆրանսահայերի կողմից նվիրաբերված գումարներով կշարունակվի համայնքային կենտրոնների կառուցումը Լեռնային Ղարաբաղում և աջակցությունը մեր սիրիահայ հայրենակիցներին, իսկ Հայաստանում կընդլայնվեն գյուղատնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ Տավուշի մարզում։

Քիչ առաջ հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարվեց, որ ռուսաստանաբնակ գործարար-բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այս տարի դրամահավաքի գլխավոր թեմա հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, որի համար նա նվիրաբերելու է 2 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հեռուստամարաթոնի ընթացքում Սամվել Կարապետյանը խոստացել էր 15 մլն դոլար ներդրում կատարել և Ստեփանակերտում կառուցել հանրապետական բժշկական մեծ համալիր: Գործարարի նվիրաբերության շնորհիվ  Արցախում սեպտեմբերին բացվեց կովկասյան տարածաշրջանում նմանը չունեցող ժամանակակից բժշկական կենտրոնը:

10.000քմ տարածքով հսկա կենտրոնը գերհագեցած է ժամանակակից բուժտեխնիկայով, դիագնոստիկ, վիրաբուժական, ինտենսիվ թերապիայի, վերականգնողական լավագույն սարքավորումներով, որոնք կովկասյան տարածաշրջանում միակն են: Համալիրի ճարտարապետական լուծումը համապատասխանում է ժամանակակից բուժհաստատությունների բոլոր պահանջներին՝ իր կառուցվածքով, բաժինների ֆունկցիոնալ նշանակությամբ, հարմարավետությամբ: Բուժհամալիրը թվով 7 վիրահատարաններ է ներառում և վերակենդանացման գերհագեցած տեխնիկայով վերակենդանացման կենտրոն: «Տաշիր» ընկերությունը նաև միջազգային չափանիշներին համապատասխան և անհրաժեշտ բուժսարքավորումներով հագեցած վերակենդանացման 2 գերժամանակակից ավտոմեքենաներ է նվիրաբերել հիվանդանոցին: Իհարկե, բժշկական համալիրի շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման համար ներդրվեց ոչ թե 15 մլն դոլար՝ ինչպես խոստացել էր, այլ ավելին՝  22 մլն ԱՄՆ դոլար:

Տեղեկացնենք, որ ընդհանուր առմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20 տարիների գործունեության ընթացքում Հայաստանում և Ղարաբաղում իրագործված ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 235,8 մլն դոլար։

Դիտեք Համահայկական միջոցառման ուղիղ հեռարձակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս