 
                        Ռուսաստանը ՀՕՊ-ի միասնական համակարգեր կձևավորի Հայաստանի ու Ղազախստանի հետ. Պուտին
 
                                    Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պլանավորել է ուժեղացնել Բելառուսի հետ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը, ինչպես նաև ձեռնամուխ լինել Հայաստանի ու Ղազախստանի հետ նմանատիպ տարածաշրջանային համակարգերի ձևավորմանը:
Այս մասին Կրեմլում զինվորականների հետ ունեցած հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կրեմլի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը հայտարարել է. «Այս տարի հաջողությամբ անցկացվել են «Արևմուտք – 2013» խորագրով ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները:
Հերթը հասել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի մասնակցությամբ զորքերի տարածաշրջանային խմբավորումներ ձևավորելուն: Պլանավորված է նաև ուժեղացնել Բելառուսի հետ ՀՕՊ-ի միասնական համակարգը, ձեռնամուխ լինել Հայաստանի ու Ղազախստանի հետ տարածաշրջանային նմանատիպ համակարգերի ձևավորմանը»:
Պուտինն ընդգծել է, որ նմանատիպ համագործակցությունը զգալիորեն բարձրացնում է Ռուսաստանի ու նրա գործընկերների պաշտպանական պոտենցիալը, ինչպես նաև ծառայում է ողջ եվրասիական տիրույթում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        