Սաակաշվիլին արդեն լքել է նախագահական նստավայրը
Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր լիազորությունների ավարտից մեկ օր առաջ արդեն ազատել է նախագահական նստավայրի իր առանձնասենյակը, փոխանցում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
Նոյեմբերի 17 –ին տեղի կունենա Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը:
Նշվում է, որ Սաակաշվիլիի հետ միասին նախագահական նստավայրը լքել է նաեւ նրա աշխատակազմը: «Այսօր մեր վերջին աշխատանքային օրն է այս պալատում»,-շաբաթ լրագրողներին ասել է աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
Ավելի վաղ Սաակաշվիլին ընտանիքի հետ լքել էր պետության կողմից վճարվող Թբիլիսիի արվարձանում գտնվող քոթեջը եւ տեղափոխվել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող սովորական բազմաբնակարան շենք: Նա արդեն հայտարարել է, որ ժամանակավորապես հեռանում է «ակտիվ քաղաքականությունից»: Առաջիկայում նա նախատեսում է դասախոսություններ կարդալ արտերկրում: