Բաժիններ՝

Կստեղծվեն հայ-բելգիական համատեղ ձեռնարկություններ

Այսօր Երևանում մեկնարկել է հայ-բելգիական գործարար համաժողով, որը կազմակերպել են Հայկական զարգացման գործակալությունը (ՀԶԳ) և Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը: Բելգիական մասնակից ձեռնարկությունները ներկայացնում են շինարարության, ֆինանսական համակարգի, դեղամիջոցների, գորգերի և տան պարագաների արտադրության, ատամնաբուժական ծառայությունների, կինեմատոգրաֆիայի, միջոցառումների կազմակերպման, սպորտի ոլորտները:

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀԶԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, 3 տարի առաջ սկսվել է «Արմեն-Վալ» ծրագիրը, որի նպատակն է ՀՀ-ում ստեղծել հայ-բելգիական համատեղ ձեռնարկություններ:

«Փորձում ենք դուրս բերել հնարավորությոնները և իրար հետ գործարարների հանդիպում կազմակերպել: Արդեն կան նախնական պայմանավորվածություններ՝ շինարարական ոլորտում, որոշ ընկերություններ ուզում են ներդրում անել անշարժ գույքի ոլորտում, ուզում են մասնավոր ներդրումային հիմնադրամ ստեղծել (Venture Capital), բժշկական ոլորտում ատամնագործության, պրոթեզավորման հետ կապված»,- ասաց Ռ.Հարությունյանը:

Նա նշեց, որ ակտիվ գործունեություն է ծավալվում հայկական ապրանքները եվրոպական շուկայում ներկայացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ վերջերս հայկական գինիների համտես կազմակերպվեց Ստրասբուրգում, հայկական ընկերությունները մասնակցում են տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների, որտեղ ներկայացվում են հայկական ապրանքները:

2012 թ. Հայաստանի և Բելգիայի առևտրաշրջանառությունը կազմել է 200.9 մլն դոլար, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 48.8%-ով: Ընդ որում՝ Բելգիան այն եզակի երկրներից է, որի հետ առևտրաշրջանառության մեջ ՀՀ-ից արտահանումը գերազանցում է ներմուծմանը (առավելապես ադամանդների շնորհիվ): Այսպես՝ անցած տարի Հայաստանից Բելգիա է արտահանվել127.1 մլն դոլարի և Բելգիայից ՀՀ է ներմուծվել 73.8մլն դոլարին համարժեք ապրանք: Անցած տարի ՀՀ-ից Բելգիա է արտահանվել հիմնականում պղինձ, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, մեղրամոմ, դեղագործական ապրանքներ: ՀՀ-ում բելգիական կապիտալովգործոմ է 30 ընկերություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս