Չինաստանը 10 միլիոն տոննա բեռնափոխադրում է երաշխավորել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղով. Զիյա Մամեդով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի երկաթուղային տրանսպորտի նախարարությունը երաշխավորել է 10 միլիոն տոննա բեռնափոխադրում «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղով: Այս մասին իր լեհ գործընկեր Սլավիմիր Նովակի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը:

Վերջինիս խոսքերով՝ ԲԹԿ-ի շահագործման հանձնումից հետո առաջին 5 տարում բեռնափոխադրման ծավալը կազմելու է 5 միլիոն տոննա, իսկ հետագա տարիներին այդ ցուցանիշը հասնելու է տարեկան մինչև 15 միլիոն տոննայի. «Եվրասիական տրանսպորտային նոր միջանցքը շահագործման է հանձնվելու 2015 թվականի սկզբին:

Ներկայումս Վրաստանի տարածքում աշխատանքներ են տարվում 26.5 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղու կառուցման և 153 կիլոմետր երկարությամբ հին երկաթուղու արդիականացման աշխատանքներ:

Թուրքիայի տարածքում երկաթուղու երկարությունը կազմելու է 76 կիլոմետր, որի 2/3-ը բաժին է ընկնում թունելին, շինարարական այդ աշխատանքները կավարտվեն մինչև 2014 թվականի ավարտ:

ԲԹԿ-ը բեռներ է փոխադրելու Ասիայի երկրներից դեպի Եվրոպա: Ղազախստանի հետ պաշտոնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծին միանալու շուրջ: Ներկայումս նոր երկաթուղի է կառուցվում Չինաստանի ու Ղազախստանի միջև: Ինչպես հայտնի է, ԲԹԿ-ը կհանդիսանա երկաթուղային ճյուղերից մեկը»:

Տեսանյութեր

Լրահոս