Թուրքիայում առաջին անգամ կառուցվում է նախագահական թանգարան
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի պատվին թանգարան է բացվելու նրա հայրենի Քայսերի (Կեսարիա) քաղաքում: Դրա հետ կապված՝ նշվում է, որ Թուրքիայում նույնպես տարածում է գտնում Ամերիկայի ու Եվրոպայի երկրներում գործող այն պրակտիկան, որ երկրի նախագահի պատվին կառուցվում է թանգարան ու գրադարան:
Գյուլի թանգարանում տեղ են գտնելու նրա վերաբերյալ նյութեր, փաստաթղթեր, ձայնագրություններ, նամակներ, նրա անձնական իրերը, ինչպես նաև ավելի վաղ հրապարակված լուսանկարները: Բացի այդ, ներկայացվելու են Թուրքիայի պատմության տարբեր ժամանակաշրջանի վերաբերյալ Գյուլի ելույթներն ու հայտարարությունները:
Ընդգծվում է, որ Թուրքիայում առաջին անգամ է իրագործվում թանգարանի նախագիծ, որը կպատմի նախագահի կյանքի ու աշխատանքի մասին: Թանգարանը կառուցվելու է Քայսերիում գտնվող Աբդուլլահ Գյուլի անվան համալսարանի ուսանողական ավանի տարածքում:
Այն բաղկացած է լինելու երեք շինությունից: Թանգարանի կառուցման համար հատկացվել է 7000 քառակուսի մետր տարածք: Շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Ակնկալվում է, որ դրանք կավարտվեն մեկ տարվա ընթացքում:
Նախագծի իրագործմանը ձեռնամուխ լինելուց առաջ նախագահի աշխատակազմի անդամներն այցելել են Նյու Յորք, ուր գտնվում է ԱՄՆ նախկին նախագահներից Ֆրանկլին Դ. Ռուզվելտի պատվին կառուցված նախագահական գրադարանն ու թանգարանը: Հույսեր կան, որ Թուրքիայում «նախագահական առաջին նախագիծը» չի լինի վերջինը: