Հովիկ Աբրահամյան. Ի՞նչ միջոցներ եք առաջարկում, որպեսզի վարչարարության բեռը բիզնեսի վրա ծանր չլինի
«2014 թվականի բյուջեի եկամուտների մասը քննարկելիս մենք կենտրոնանում ենք վարչարարության վրա, բայց հարցը ավելի խորքային է»,- այսօր ԱԺ-ում 2014 թ. պետական բյուջեի քննարման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ է առաջարկում Ֆինանսների նախարարությունը, որպեսզի մի կողմից փորձի կրճատել ստվերը, մյուս կողմից՝ օժանդակի, որ վարչարարության բեռը բիզնեսի վրա ծանր չլինի:
Ի պատասխան Դավիթ Սարգսյանն ասաց, թե այդ առումով այս տարին առանձնահատուկ է եղել, քանի որ եղել են ավելացումներ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մեջ: Նրա խոսքով՝ հաջորդ տարի կառավարությունը վարչարարության լրացուցիչ ավելացում չի նախատեսում, ապա հիշեցրեց, որ դեռևս 2012-2013թթ. վարչարարական միջոցառումները լիարժեք չեն գործում: Նախարարը նշեց, թե վերջանական գնահատականը կլինի 2014թ.:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց նաև, թե Էկոնոմիկայի նախարարն ինչպիսի՞ դերակատարում է ունեցել բյուջեի եկամուտների կազման գործընթացում: «Էկոնոմիկայի նախարարության դերակատարումը եկամտային մասի գնահատման մեջ առկա է, ինչպես և այլ նախարարություններինը»,- պատասխանեց նախարարը: