Ուկրաինան կարող է այլևս չստանալ երկրորդ հնարավորություն. Լիտվայի արտգործնախարար
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ներկայումս ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործանախարար Լինաս Լինկյավիչյուսը կարծում է, որ եթե ԵՄ-ն ու Ուկրաինան կոնսենսուս չգտնեն Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցում, այդ փաստաթղթի ստորագրումը ընդհանրապես կարող է դրվել հարցականի տակ.
«Անձամբ ես կարծում եմ, որ եթե մենք դա չանենք մինչև գագաթաժողով, ապա դրա շարունակումը մեծապես կդրվի հարցականի տակ: Ասոցացման համաձայնագիրը շատ կարևոր, շատ պատասխանատու փուլ է, որովհետև խոսքը գնում է ազատ առևտրի գոտու մասին: Մենք խոսում ենք Ուկրաինայի մասին, որն ունի գրեթե 50 միլիոն բնակչություն, սակայն այդ երկրի համար կբացվի կեսմիլիարդանոց շուկա:
Խոսքը գնում է ռազմավարական մեծ պլանների մասին, որոնք ոչ միայն դրականորեն կազդեն Ուկրաինայի տնտեսության վրա, այլև շատ կարևոր են աշխարհաքաղաքական առումով: Մենք պետք է ամեն ինչ անենք ժամանակին, առավել ևս, որ դա ճանապարհի միայն սկիզբն է»:
Նշվում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ տապալել է նախկին վարչապետ, ազատազրկման մեջ գտնվող Յուլյա Տիմոշենկոյին առնչվող օրինագիծը, որը վերջինիս հնարավորություն կտար բուժում ստանալ արտերկրում: Ուկրաինական ընդդիմությունը հայտարարել է Ասոցացման համաձայնագրի տապալման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Տիմոշենկոն ակամայից կարող է Պուտինին փրկել «աշխարհաքաղաքական պարտությունից»: